Թշնամու՝ մեր գյուղի ուղղությամբ առաջխաղացում չենք նկատել։ Այս պահին շատ բան չեմ կարող ասել, ոնց գիտեք՝ էդ ա։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ-ի՝ սեպտեմբերի 14–ի ժամը 08։00-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։
Երանոսյանը նշեց, որ իրականում առավոտյան թշնամու կրակոցնեերը Վերին Շորժայի ուղղությամբ չեն եղել։
«Առավոտ այլ ուղղությամբ էր ձայներ լսվում, Շորժայում չէր։ Երեկ երեկոյան ժամը 19։00-20։00-ի կողմերը իրավիճակը խաղաղվեց, համեմատաբար, դեռ նույն վիճակն է պահպանում»,-ասաց նա։
Վարչական ղեկավարը հիշեցրեց, որ կանայք և երեխաները տարհանվել են։
«Տղամարդիկ միշտ պատրաստ են։ Վնասված շինություններ, իհարկե, կան»։
Լիաննա Թորոսյան