Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմանում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Lada Priora մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել Hyundai մակնիշի ավտոմեքենային։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։