Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Վաղը կհանձնվի «Զանգեզուրի միջանցքը», բայց մենք դեռ քննարկում ենք Ջենիֆեր Լոպեսի այցը՝ թարմացված «օրակարգով», նաև կուժը

Blog Image

Ընդամենը մեկ օր հետո Վաշինգտոնում տեղի կունենա պատմական իրադարձություն, որը ճակատագրական է լինելու Հայաստանի համար (պարտադիր չէ պատմականը միայն դրական ընկալել), այն է՝ թուրք-ադրբեջանական միասնությանը կհանձնվի

«Զանգեզուրի միջանցքը», որը ոչ միայն վտանգի տակ կդնի Սյունիքի ֆիզիկական գոյությունը, այլև Հայաստանի Հանրապետության՝ որպես քաղաքական միավորի միջազգային նշանակությունը։

Ավելին՝ այս իրադարձությունների շղթան ու եզրահանգումը կարող է այնպես կոտրել Հայաստանի ողնաշարը, որ այն վերականգնելը հնարավոր կլինի միայն 100 տարի անց նոր ազգային ազատագրական պայքարի շնորհիվ կամ առհասարակ հնարավոր չլինի։ 

Թվում էր, թե այդ սպասվելիք իրադարձությունը պետք է ալեկոծի ոչ միայն քաղաքական դաշտը, այլև ողջ հասարակությանը, բայց՝ ոչ, մենք առ այսօր դեռևս քննարկում ենք Ջենիֆեր Լոպեսի այցը։

Ընդհանրապես Հայաստանում ձևավորվել է քառաշերտ դասավորվածություն։ 

Իշխանություն, որը հանձնում է ամեն ինչ, չունի ազգային շահերից բխող օրակարգ, առաջնորդվում է մանիպուլյատիվ հռետորաբանությամբ ու քայլերով, չունի քաղաքական լեգիտիմություն (ոչ լեգիտիմ լինելը պայմանավորված չէ միայն ընտրակեղծիքներով, այլ նախընտրական ծրագրերն ամբողջությամբ ոտնահարելով) ու «կրթվելու» համար պատրաստվում է կարդալ Էրդողանի գիրքը։

Ընդդիմություն, որը որևէ հստակ գործողությունների չի դիմում Փաշինյանի քայլերը կանխելու համար, այս պահի դրությամբ չի թելադրում սեփական օրակարգ, այլ ավելի շատ արձագանքում է Փաշինյանի օրակարգերին ու պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին։ Իհարկե, ցանկացած քաղաքական ուժ մշտապես պետք է պատրաստվի յուրաքանչյուր հերթական ընտրությանը, բայց դա չպետք է խանգարեր, որպեսզի պետության համար ճակատագրական պահերին հասարակությանը ոտքի հանելու փորձեր աներ։ 

Բազմիցս եմ ասել, որ հարցազրույցները, մամուլի ասուլիսները, ճեպազրույցները կամ հոդվածները ընդամենը քաղաքական գործունեության բաղադրիչներից մեկն են, այլ ոչ բուն գործունեությունը։ Քաղաքականությունն առաջին հերթին գործողություն է, հետևաբար միայն հարցազրույցները չեն տալու բավարար արդյունք ու չեն կանխելու մեզ սպասվելիք աղետները։

Այս պահին ընդդիմությունը պետք է փորձեր հանրությանը ոտքի հանել, Երևանի ու hանրապետության այլ քաղաքաների փողոցները պետք է ողողված լիներ մարդկանցով։ Ոչ միայն ՀՀ իշխանությունը, այլև նույն միջազգային հանրությունը պետք է տեսներ, որ Հայաստանի հանրությունը համաձայն չէ այն որոշումների հետ, որը կայացնում է Նիկոլ Փաշինյանը (ավելի շուտ Էրդողանի կողմից կայացված այն որոշումների, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանը)։ Դժվա՞ր է հանրային մոբիլիզացիա կազմակերպելը, ինչ խոսք՝ այո, բայց հաջողության է հասնում այն քաղաքական միավորը, որը լուծում է հենց դժվար խնդիրը, այլ ոչ հակառակը։ 

Բացի այդ, երեկ չէ, որ պարզվեց «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման մասին։ Այդ հարցն արդեն տևական ժամանակ է, ինչ օրակարգում է, ուստի պատրաստվելու բավականին ժամանակ կար։

Քաղաքական միամտություն կամ ինքնախաբեություն կամ էլ խաբեություն է այն, որ իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի իրավիճակը շտկել։ Եթե այսօր հանձնվի «Զանգեզուրի միջանցքը», ապա հաջորդ իշխանությունը, նույնիսկ եթե այն ձևավորված լինի բացառապես ազգային շահերով առաջնորդվող մարդկանցով, չի կարողանա հետ բերել այն։ Դրա համար անհրաժեշտ կլինի կա՛մ, ինչպես արդեն գրեցի, նոր ազգային ազատագրական պայքար, որը սովորաբար տեղի է ունենում 100 տարին մեկ, կա՛մ աշխարհաքաղաքական շահագրգիռ կենտրոնների գործուն միջամտություն, կա՛մ էլ պատերազմ, իսկ ավելի հավանական է՝ երեքն էլ միասին։

Փոքրաշերտ «արևմտամետներ», որոնց համար մեկ է, թե ինչ կհանձնի ու կզիջի Հայաստանը, կարևորը՝ Ռուսաստանը դուրս մղվի Հայաստանից։

Եվ վերջապես հասարակություն, որն այս պահին խոր անտարբերության մեջ է, մասամբ պայմանավորված ընդդիմության ոչ բավարար գործողություններով։

Հաշվի առնելով այդ ամենը, կունենա՞ Նիկոլ Փաշինյանն անհանգստություն որևէ գործարքի գնալու համար, կարծում եմ՝ ոչ։ Նրա հիմնական մտահոգությունը ոչ թե այս պահին իր կողմից ստորագրվելիք փաստաթղթերն ու հանձնվելիք տարածքներն են, այլ այն, թե ինչ տեղի կունենա իր հետ իշխանափոխությունից հետո։ Բայց քանի որ նա պատեհապաշտ է ու կարևորը պահի թելադրանքն է, ապա առաջնորդվում է «էշ մի սատկի, գարուն կգա» մոտեցմամբ։

Կարեն Կարապետյան

Send