Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Վաշինգտոնում և՛ Ալիևն ու Թրամփը «կուշտ» կլինեն, և՛ Փաշինյանն «ապահով»

Blog Image

Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ մեկնելու տեղեկության պաշտոնական հաստատումից հետո ակնհայտ է դառնում, որ ուրբաթ օրը Վաշինգտոնում չի ստորագրվելու «խաղաղության համաձայնագիրը»։ Հակառակ պարագայում այն կթմբկարահվեր ոչ միայն միջազգային, այլև տեղական մամուլում։

Սակայն, այնուամենայնիվ, փաստաթուղթ ստորագրվելու է, ինչի մասին էլ լռում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ փաստաթուղթը վերաբերում է այս պահի դրությամբ քննարկվող օրակարգային միակ ու ամենաառանցքային կետին՝ «Զանգեզուրի միջանցքին» ու դրա վերահսկողության արտապատվիրակմանը։ 

Միամտություն է կարծելը, որ կողմերը՝ նախքան ԱՄՆ մեկնելը, տեղյակ չեն եռակողմ հանդիպման քննարկման ու սպասվելիք ստորագրման մասին։ Սակայն ինչո՞ւ է լռում Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը պարզ է, քանի որ դա երրորդ՝ ամենախաշոր զիջումն է, որը նա անում է թուրք-ադրբեջանական տանդեմին ու որով կոտրվում է Հայաստանի ողնաշարը։ Առաջինը՝ Արցախից հրաժարումն էր, երկրորդը՝ ՀՀ ռազմավարական կարևոր բարձունքները Ադրբեջանին տրամադրելը, երրորդը՝ «Զանգեզուրի միջանցքը»։

Դրանով իրականանում է Թուրքիայի վաղեմի երազանքը ու կարևորագույն քայլ է Մեծ Թուրանի գաղափարախոսության իրականացման համար։ Հայաստանը միանգամից կտրվում է Իրանից ու հայտնվում թուրք-ադրբեջանական աքցանի մեջ։
Որքան էլ խոսվի ԱՄՆ-ի՝ որպես անվտանգային երաշխավորի դերի մասին, փաստ է, որ Հայաստանը կանգնում է «դանդաղ ցեղասպանության» ու հայաթափման առջև, ընդ որում ոչ թե վտանգի, այլ իրական հայաթափման առջև։

Եվ որքան էլ այս իշխանությունները դիմեն տարատեսակ մանուպուլյացիաների հայ հանրությանը մոլորեցնելու համար, որքան էլ խոսեն ինքնիշխանության պահպանումից, ակնհայտ է, որ այլ տրամաբանություն ունի սոսկ սովորական ճանապարհը, որով Ադրբեջանից կարող էին գնալ Նախիջևան ու Թուրքիա, անցնելով ՀՀ մաքսային ծառայությունների ու սահմանապահների կողմից հսկողություն ու ենթարկվելով ՀՀ օրենսդրությանը, այլ բան է միջանցքը, որի նկատմամբ Հայաստանը ոչ մի լիազորություն չի ունենալու։

Մենք նույնպես Վրաստանով գնում ենք Ռուսաստան, բայց դա չի նշանակում, որ Վրաստանը մեզ միջանցք է տրամադրել, մենք այդ ճանապարհներով երթևեկում ենք՝ ենթարկվելով Վրաստանի կողմից սահմանված բոլոր ընթացակարգերին։
Ինչ վերաբերում է Սյունիքում, մասնավորապես Մեղրիում սպասվելիք ներդրումներին, ապա այստեղ նույնպես մեծ վտանգ է թաքնված ու որքան էլ կրկին խոսվի ԱՄՆ-ի մասին, այդ ներդրումները կարող են կատարվել հենց թուրքական կապիտալի տեսքով, ինչը կհանգեցնի Թուրքիայի կողմից գոնե այս փուլում Սյունիքի մարզը տնտեսական անեքսիայի ենթարկելուն՝ հետագա աճման հեռանկարով։

Եվ այսպես, ուրբաթ օրը Թրամփը, Ալիևն ու Էրդողանը կարող են տոնել իրենց հերթական հաղթանակը ու իրենց այս փուլում «կուշտ» համարել, իսկ Նիկոլ Փաշինյանը կստանա իշխանությունը պահպանելու հերթական երաշխիքը, այլ խոսքով՝ իրեն կզգա «ապահով»։

Կարեն Կարապետյան

Send