Մայր Աթոռի միաբան հայրերի նվիրումը գիտակցված զոհաբերություն է. Տ․ Շնորհք աբեղա Սարգսյան (ֆոտոշարք)

Մայր Աթոռի միաբան հայրերի նվիրումը գիտակցված զոհաբերություն է. Տ․ Շնորհք աբեղա Սարգսյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: 

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին: Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ` Տ․ Շնորհք աբեղա Սարգսյան.

«Յուրաքանչյուր ժողովրդի ու ազգի հարատևության գրավականը սրբություններ ունենալու և այդ սրբությունները կյանքի գնով պաշտպանելու ունակության մեջ է: Արդի զարգացած աշխարհում ժողովուրդերը կանգնած են միաժամանակ պարզ, բայց և դժվարին ընտրության առաջ: 

Ա. Ապրել ու մեր ողջ մտավոր և հոգևոր ուժերը կենտրոնացնել բացառապես կենցաղային բարեկեցիկ հարցերի շուրջ` դառնալով սպառողական հասարակության մի մասնիկը, ուր երջանկությունը փնտրվում է նյութի ու նյութականի մեջ:

Բ. Դեմ գնալ գլոբալ աշխարհին և նրա մտայնությանը` ստեղծելով յուրահատուկ ազգային և հոգևոր դիմագիծ ունեցող հասարակություն, ով ճանաչում  և պահապանն է իր անցյալի և անցյալից իբրև ժառանգություն մնացած սրբությունների, որոնք նաև անսասան փարոս գրավական են լուսավոր և ապահով ապագայի կերտման: 

Աստուծո կամոք ու նախախնամությամբ, մենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  զինվորյալ միաբանությունը, կոչված ենք մեր ազգային ու հոգևոր ժառանգության մի կարևոր հատվածի պահպանության և ինչու չէ այն ավելի զարգացնելու և նոր սերունդներին փոխանցելու հանձնառությամբ: Եվ այդ կոչումն ու ծառայությունը զրկանքների և նվիրումի բարդ ու դժվարին ճանապարհ է, որովհետև ինչպես մետ Տեր Հիսուս Քրիստոսն է մեզ փոխանցում, իր լուծը ծանր է, բայց նաև քաղցր: Սակայն մեր Մայր Աթոռի միաբան հայրերիս նվիրումն ու ինքնազոհաբերումը գիտակցված  զոհաբերություն է մեր ազգի և եկեղեցու հարատևության համար: 

Ինչպես մեծ գրող Լևոնն Շանթն է իր պատմվածքներից մեկում` «Դարձ»-ում ասում.

«Երջանկությունը նվիրումի մեջ է: Առավել ևս, երբ այդ նվիրումը վերաբերում է Հայ Եկեղեցուն և նրա կենսատու սրբություններին»: