Թուրքիան ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում

Թուրքիան ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում

Թուրքիայի ՊՆ-ն նոր ռազմական օպերացիա է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինների դեմ։ Այն անցկացվում է Իրաքի հյուսիսային հատվածում. հայտնում է Anadolu գործակալությունը։

Օպերացիայում գործի են դրված հատուկ նշանակության և ռազմաօդային ուժերը։

Ինչպես հայտարարել է Թուրքիայի պշատպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ինքնաթիռները հաջող հարվածներ են հասցրել PKK-ի թաքստոցներին, բունկերներին, թունելներին, քարանձավներին ու պահեստներին։

Նրա խոսքով՝ օպերացիան հաջողությամբ շարունակվում է՝ ծրագրվածի պես։ Նա վճռականություն է հայտնել «փրկելու թուրք ժողովրդին ահաբեկչական աղետից, որը հետապնդում է երկիրը 40 տարի»։ «Մեր պայքարը կշարունակվի, քանի դեռ վերջին ահաբեկիչը չի չեզոքացվել»,-ասել է նախարարը։

Թուրքիայում զինված հակամարտությունը սկսվել էր 1984 թվականին և վերսկսվել 2015-ին։ Իրաքի հյուսիսում գտնվում են PKK-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի ԶՈՒ-ն անցկացնում է ցամաքային և օդային օպերացիաներ։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր 2015 թվականի հուլիսից սկսած Թուրքիայի ներսում PKK-ի 6000 անդամի, իսկ երկրի սահմաններից դուրս՝ 6900 անդամի ոչնչացման մասին, թուրք ուժայինների շարքերում կորուստները կազմել են ավելի քան 1200 մարդ։