Իմ պաշտպանյալ Հայր Ռուբենը որպես վկա հրավիրվել է հարցաքննության Նաթան Սրբազանին վերագրվող ձայնագրության հետ կապված փաստերը ստուգելու համար նախաձեռնված վարույթի շրջանակներում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ Հայր Ռուբենի հարցաքննությունն իրենց համար անակնկալ էր, որովհետև որևէ առնչություն իրենք չեն կարողացել գտնել։ «Այնուամենայնիվ քիչ անց կմտնենք քննչական մարմին և կհասկանանք, թե ինչու են նորից անհարմարություններ ստեղծում մեր հոգևորականների համար»,- նկատեց փաստաբանը։
Ֆարմանյանի խոսքով՝ Հայր Ռուբենին առաջին անգամ են կանչել։
«Նախորդ անգամ Արագածոտնի թեմի քահանաների հարցաքննություններն էին, հետո կիրակի օրով քահանաների անհասկանալի ու ոչ իրավաչափ ծանուցումները։ Դրանից հետո մենք որևէ այլ ծանուցման մասին տեղեկացված չէինք մինչև այսօր տեղի ունեցող հարցաքննությունները, որոնք վաղը նույնպես շարունակվելու են»,- ներկայացրեց Ֆարմանյանը։
Նա նաև նշեց, որ Արագածոտնի թեմի ոչ բոլոր քահանաներն են այսօր և վաղը հարցաքննության կանչվել։
Մայր Աթոռի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու Հայր Ռուբենն էլ լրագրողներին հայտնեց, որ ինքը 15 տարի աշխատել է քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության որպես պատասխանատու, իսկ Նաթան Սրբազանի հետ չի աշխատել։ «Տեղյակ չեմ՝ ինչու են ինձ հարցաքննության կանչել։ Նաթան Սրբազանի հետ առնչվող ձայնագրության մեջ իմ անունը չի հնչում, բայց եթե նույնիսկ հնչեր, դրանից ի՞նչ։ Ես տեղյակ չեմ՝ ինչու են ինձ հրավիրել»։
Հարցին՝ ինքը որևէ քահանայի հորդորե՞լ է մասնակցել ընդդիմության ցույցերին, Հայր Ռուբենը բացասական պատասխան տվեց՝ ոչ, նման բան չի եղել։
Նարե Գնունի
