Քիչ առաջ մեկնարկեց Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը։ Արդեն երկրորդ հարցուպատասխանն է, ինչ ընդդիմությունը բոյկոտում ու չի մասնակցում։ Եթե «Պատիվ ունեմ» խմբակցությունը բավականին երկար ժամանակ է, ինչ որոշել է Փաշինյանին ու իր թիմին հարցեր չտալ, ապա «Հայաստան» խմբակցության դեպքում սա նորություն է։
«Այս պահի դրությամբ որոշում ունենք ու չենք մասնակցում հարցուպատասխանին։ Բյուջետային քննարկման ժամանակ ելույթները կան, հարցերն էլ հնչեցնում ենք, այդպես ենք որոշել»,- իրենց բացակայությունն այսպես հիմնավորեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հիշեցմանը, որ նախորդ հարցուպատասխանին էլ իրենք չեն մասնակցել, Մինասյանն արձագանքեց՝ այո։ Բայց թե այդ ժամանակ որն էր հիմնավորումը, պատգամավորը չնշեց։
Արդյո՞ք սա արդեն հստակ որոշում է, որ իրենք այլևս չեն մասնակցի հարցուպատասխաններին, Մինասյանը պատասխանեց, որ այս պահին այս որոշումն ունեն, թե հետագայում ինչ կորոշվի, պարզ չէ։
Նարե Գնունի
