Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Blog Image

Այսօր՝ օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ  տեղեկությունը հավաստի է։ «Mercedes»  մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի  նստատեղին հայտնաբերվել է տղամարդու դի՝ հունքի շրջանում հրազենային վնասվածքով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրա ձեռքում հայտնաբերվել է նաև ատրճանակ, իսկ ավտոմեքենայից դուրս համայնքային ոստիկանները հայտնաբերել են կրակված գնդակ։ Ավտոմեքենայի առջևի դռան ապակին վարորդի կողմից նույնպես վնասված է կրակոցի հետևանքով։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խաչատուր Պողոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը ավտոմեքենայի մեջ ատրճանակով ինքնասպան է եղել։
 

Send