FlyOne-ի հերթական կիքսը․ Դյուսելդորֆի տոմս են վաճառել, բայց ուղևորներին «թռցնում» են Քյոլն

ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne Armenia ընկերությունում հերթական կիքսն են թույլ տվել՝ խնդիրների առջև կանգնեցնելով ուղևորներին։
Այս ընկերությունը, որ պարբերաբար հետաձգում կամ չեղարկում է չվերթները, այս անգամ որոշել է ոչ թե հետաձգել կամ չեղարկել, այլ ուղղակի փոխել նախապես հայտարարված ուղղությունն ու իր ուղևորներին լրիվ այլ քաղաք տեղափոխել։ Խոսքը Երևան-Դյուսելդորֆ-Երևան չվերթի մասին է, որը գովազդում են տարբեր հարթակներում, և որի մասին նշված է նաև ընկերության պաշտոնական կայքում։ Բայց, արի ու տես, որ Դյուսելդորֆի տոմս գնածները Դյուսելդորֆի փոխարեն պետք է վայրէջք կատարեն Քյոլնում։
Մեզ ահազանգած ուղևորներից մեկն ասաց, որ ամիսներ առաջ Դյուսելդորֆի տոմս է գնել FlyOne Armenia ընկերությունից, որ մայիսի 19-ին մեկնի Դյուսելդորֆ։ Այդ նպատակով նաև նախապես հյուրանոց է ամրագրել Դյուսելդորֆում։ Սակայն, երբ թռիչքից 30 օր առաջ բացվել է on-line հաշվառումը, և տոմսը գնած տուրիստական ընկերության աշխատակիցը փորձել է գրանցել իր հաճախորդին համակարգում, պարզվել է, որ Դյուսելդորֆի փոխարեն ուղղությունը նշված է Քյոլն։
Զանգահարել է FlyOne Armenia, որ պարզի՝ ինչու է այդպես, և ընկերությունից ասել են, որ ուղղությունը փոխվել է, և առաջարկել են ուղևորի վճարած գումարը հետ փոխանցել, եթե չի ցանկանում Քյոլն թռչել:
Մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց տվյալ տուրիստական ընկերության աշխատակիցը, որի անունը հասկանալի պատճառներով չենք նշում:
«Իրենք Երևան-Դյուսելդորֆ-Երևան ուղիղ չվերթ էին դրել, ուղևորը տոմսը գնել էր փետրվար ամսին, և մենք պետք է on-line հաշվառում անեինք, ու բացում տեսնում ենք, որ Դյուսելդորֆի տեղը ուղևորին Քյոլն են ուղարկում, այսինքն՝ փոփոխել են ուղղությունը ու նամակ էլ չի եկել ընկերությունից, որ չվերթի փոփոխություն է եղել։ Պարզվեց՝ առհասարակ հանել են Դյուսելդորֆի չվերթը, ու ովքեր նախապես տոմս են գնած եղել, դրանք փոխել են դեպի Քյոլն։ Եթե ուղևորը համաձայն չէ, արդեն այդ պարագայում գումարի հետվերադարձ են անում»,- ասաց ընկերության աշխատակիցը:
Նա նշեց, որ ուղևորը սրանից բավականին մեծ վնասներ է կրելու, որովհետև Քյոլնը Դյուսելդորֆից բավականին հեռու է, և ուղևորին պետք է մեկնել Դյուսելդորֆ, հյուրանոց է ամրագրել այնտեղ, իր գործերն այնտեղ են, և ինքը ստիպված է ժանանակ ու գումար ծախսել, որ Քյոլնից մեկնի Դյուսելդորֆ ու վերադառնա։
Նշենք, որ հայ-մոլդովական լոուքոսթեր համարվող FlyOne Armenia-ի դեպքում հաճախակի են այսպիսի խնդիրներ առաջանում, և բազմաթիվ են բողոք-դժոհությունները ուղևորներից, որ պարբերաբար ուշացումներ են տալիս այս ընկերության չվերթները, չեղարկումներ են լինում, օդանավերը սարքին վիճակում չեն լինում, տեխնիկական խնդիրներ ու խափանումներ են առաջանում օդանավերում, որոնք ևս ուշացումների և չեղարկումների պատճառ են հանդիսանում, լինում է, որ այդպես տեխնիկական խնդրով, ուղևորների աղոթքների ներքո են թռչում, մի կերպ հասնում տեղ։
Վահե Մակարյան