Գեղարքունիքի սահմանին կրակոցներ չկան. համայնքապետը մանրամասներ է ներկայացնում սահմանային վիճակից

Գեղարքունիքի սահմանին կրակոցներ չկան. համայնքապետը մանրամասներ է ներկայացնում սահմանային վիճակից

Ադրբեջանի ՊՆ-ն այսօր ևս հաղորդագրություն է տարածել, թե իբր հայկական կողմը հերթական անգամ կրակոցներ է արձակել իրենց ուղղությամբ, այս անգամ էլ՝ Գեղարքունիքի կողմից։ 

Ըստ թշնամի պետության պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության՝ կրակոցները եղել են փոխադարձ։ 

«Նման բան չկա, այն երկու օրը բացարձակ կրակոց չի եղել»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, սովորական են դարձել հակառակորդի կողմից արձակված կրակոցները, սակայն վերջին երկու օրերին իրադրությունը շատ հանգիստ է։

Հիշեցնենք, որ վերջին երկու-երեք օրերին ՀՀ ՊՆ-ն պարբերաբար հաղորդագրություն է տարածել այն մասին, թե Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածում հայկական ստորաբաժանումների կողմից կրակ բացելու մասին: 

Ուշագրավ է, որ Ադրբեջանի ՊՆ ակտիվությունը կեղծ լրատվություն տարածելու մասով համընկավ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցի հետ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին և որի ընթացքում քննարկվել են զարգացումները Արցախի շուրջ՝ բրյուսելյան բանակցությունների կոնտեքստում:

Նարե Գնունի