Տեսչականը բավարարված է

«Մալաթիա» տոնավաճառում իրականացված աշխատանքները Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը բավարար է համարել։
Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի տեղեկատվության ազատության պատասխանատու անձ՝ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ պետք է արվեր, արվել է, ուստի տոնավաճառի գործունեության կասեցման մասին որոշումը չեղարկվել է։
«Բայց դա չի նշանակում, որ մյուս խախտումները չպետք է վերացվեն։ Մենք ժամանակ ենք տվել, հստակ ժամանակացույց կա, թե ինչը մինչև երբ պետք է արվի»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցին, թե հստա՞կ է՝ երբ է վերջնաժամկետը, Զոհրաբյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ։
Հիշեցնենք, որ տոնավաճառի գործունեությունը փետրվարի մեկից կասեցված էր։ Տեսչական մարմինը հակահրդեհային կանոնների խախտման 17 կետ էր արձանագրել, սակայն դրանցից 12-ն էր մինչև հունվարի 18-ը շտկվել։
Նարե Գնունի