«Ասկոլկաներ ուներ, պիտի պոստից իջներ, գնար վիրահատության»․ իր մասնակցությամբ 3-րդ պատերազմը չխնայեց Սահակին

«Ասկոլկաներ ուներ, պիտի պոստից իջներ, գնար վիրահատության»․ իր մասնակցությամբ 3-րդ պատերազմը չխնայեց Սահակին

Տասը տարուց ավելի է, ինչ ծառայում էր բանակում, պայմանագրային զինծառայող էր. MediaHub.am-ի հետ զրույցում պատմում է եռօրյա պատերազմում զոհված Սահակ Գաբրիելյանի եղբայրը՝ Վլադիմիրը։ 

Սահակը երեք պատերազմ է տեսել՝ քառօրյայից մինչև 44, ապա՝ եռօրյա։ Եղբայրը պատմում է՝ 44-օրյային այնքան էր կրակել, որ մատները վառվել էին։ Ինքն էլ հենց այդ պատերազմում վիրավորվել էր, չորս բեկոր ստացել ողնաշարին։ 

«Չորս ասկոլկա ուներ՝ ասեղային, երեքը տեղաշարժվել էր, արդեն կարող էին վիրահատել։ Գնացել էր ստուգման, բժիշկն ասել էր, որ կարող են վիրահատել։ Հենց սեպտեմբերին պիտի պոստերից իջներ, ու գնար վիրահատության։ Բայց, շաբաթն ուրբաթից շուտ եկավ, սկսվեց այս պատերազմը»,- նշում է եղբայրը։ 

Թեև 44-օրյայից հետո Սահակի ծառայակից ընկերներից շատերը թողել էին ծառայությունը, ինքն այդ ուղղությամբ չէր էլ մտածել։ Ավելին, ՊՆ-ից դուրս գալու կոչերին ի պատասխան նշել էր․ «Եթե ես դուրս գամ, մյուսը դուրս գա, թուրքի դեմն ո՞վ պիտի առնի, ո՞վ պիտի թշնամուն իմ տնից հեռու պահի»։ 

Հարազատների խնդրանքները չէր լսել, հատկապես վիրավորում ունենալուց հետո, երբ չծառայելու իրավունք իրապես ուներ. «Կռվում էր մեր համար, իր երկու երեխաների համար, ծերացած մոր համար»,- ասում է եղբայրը։ 

Իր մասնակցությամբ երրորդ ու վերջին պատերազմից առաջ ընտանիքի հետ չի խոսել, երկու բաց թողնված զանգ է եղել իրենից, սակայն հարազատները չեն կարողացել խոսել։ Քանի որ Սոթքը ևս հարվածի տակ էր, կապի խնդիր է եղել, չի հաջողվել խոսել Սահակի հետ։ Ըստ եղբոր, եթե խոսեին, երևի պիտի ասեր, որ երեխաներին ավելի ապահով վայր տեղափոխեին։ 

Սահակը զոհվել է սեպտեմբերի 12 լույս 13-ի գիշերը։ Նա 41 տարեկան էր։

Նարե Գնունի