Թշնամու դրածոյի երազանքը՝ դառնալ Թուրքիայի կցորդ

Թշնամու դրածոյի երազանքը՝ դառնալ Թուրքիայի կցորդ

Հետպատերազմյան երկու տարում Երևանում հյուրընկալվող ցանկացած միջազգային առաջնորդի ելույթ, Փաշինյանի ցանկացած արտասահմանյան ուղևորության արձագանք վերահաստատում է ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի առջև ծառացած գոյաբանական ընտրության ամբողջ ճակատագրականությունը։ Այն, իհարկե, նոր չէ, բայց աղետալի պարտությունից և Փաշինյանի վերարտադրումից հետո դարձել է կենաց-մահու պայքարի ճամփաբաժան։ Ի վերջո, Հայաստանը մնո՞ւմ է որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, այն է՝ անվանապես անկախ պետություն, թե՞ վերածվում է ավելի մեծ պետության մի կցորդի՝ Խորհրդային Հայաստանի օրինակով։

Իհարկե, նույնիսկ Միութենական պետությանը հնարավոր անդամակցությունն այս իմաստով չարյաց փոքրագույնն է, քանի որ վարչախմբի անսքող ձգտումը ոչ թե Ռուսաստանի, այլ Թուրքիայի կցորդ դառնալն է։ Ռուսամետ ուժերը, այդ թվում՝ ընդդիմության որոշակի շրջանակ, հիշեցնում է, որ վերջին երկու հարյուրամյակում մեր աշխարհաքաղաքական ընտրությունը Ռուսաստանն է, իսկ որոշ մարգինալ խմբակներ և գործիչներ Հայաստանը տեսնում են իբրև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանավորյալ պետություն։ Արդյունքում՝ ազգային շահի և պետականակենտրոն մտածողության առանցքում գրեթե ոչ ոք չկա։

Իհարկե, այս վարչախումբը, որքան էլ դա զարմանալի է թվում, Հայաստանն աննախադեպ, նույնիսկ պատմական կախվածության մեջ է դրել Ռուսաստանից, բայց դա արել է հարկադրված։ Իրականում Փաշինյանի և յուր շքախմբի ձգտումը թյուրքական աշխարհի համար վստահելի և ընդունելի գործընկեր դառնալն է, այսինքն՝ բացարձակ անձնատվությունը թշնամուն։ Հաշվարկն էլ հավանաբար այն է, որ Մոսկվայի երբեմնի դիրքերը մեր տարածաշրջանում, նաև պայմանավորված ռուս-ուկրաինական անհեթեթ և եղբայրասպան պատերազմով, զգալիորեն թուլացել են, և պետք է անվտանգության նոր երաշխավոր փնտրել՝ ի դեմս Թուրքիայի։

Հայաստանում երբևէ, նույնիսկ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, թուրքական ազդեցության գործակալների նման բացահայտ քարոզչական գործունեություն չի ծավալվել։ Նրանք արդեն ոչ թե ՀԿ սեկտորում են՝ ծպտված քաղհասարակության անվան տակ, այլ կառավարությունում և ԱԺ-ի նախագահությունում։ Նրանց ցինիզմը բավում է այնքան, որ Ռուսաստանին իմպերատիվ պահանջներ են առաջադրում, իսկ Թուրքիայից՝ «դրական ուղերձներ» ստանում։ Այս մոլորեցումների արդյունքում մեր հանրության կիսագրագետ խավին սկսում է թվալ, թե ՌԴ-ն և Թուրքիան համարժեք մեղավորություն ունեն Հայաստանի և հայ ժողովրդի դեմ հանցանքներում, և Թուրքիայից էլ առավել՝ Ռուսաստանին են մեղադրում, օրինակ, Հայոց ցեղասպանության և հայրենազրկման համար։ Այս նենգ և ցեղասպանածին քարոզչությունն իրականացվում է իշխանության ուղղակի դրդմամբ և նրա անմիջական ցուցումով։

Փաշինյանն արդեն համոզվել է, որ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը որևէ գործուն քայլի պատրաստ չէ դիմելու, երբ նա ամեն անգամ նորովի է հիմնավորում Արցախի, իբր, ոչ հայկականությունը։ Միտումնավոր ոտնահարելով բոլորիս ազգային արժանապատվությունը՝ նա շարունակաբար փորձում է՝ որտե՞ղ են իրեն հարկադրելու կանգ առնել։

Ռուսական զորախմբի՝ Արցախը լքելու դեպքում, երբ Պաշտպանության բանակն էլ բոլորի աչքի առջև աստիճանաբար նոսրանում և կազմալուծվում է, արցախահայությունը կա՛մ բնաջնջվելու է, կա՛մ տնավեր է լինելու, երրորդ ուղի չկա։ Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ արցախցի տղամարդը ծառայի ադրբեջանական բանակում կամ ենթարկվի ադրբեջանցի ոստիկանների ցուցումներին։ Այդ մեկը հենց Փաշինյանն է, որը մի կողմից Արցախի մտացածին ոչհայկականության, մյուս կողմից՝ իր արբանյակ քաղաքական ծաղրածուների ձեռամբ ռուսական զորակազմի դուրսբերման տրամադրություններ ոռոգելով՝ նախապատրաստում է հայ ժողովրդի հերթական հատվածի ցեղասպանությունն ու հայրենազրկումը։ Նա փակ աչքերով իր մոլորյալ հետևորդներին և ցավոք՝ նրանց հետ բոլորիս տանում է դեպի անհայտություն, իրականում՝ դեպի կործանում ու նոր ողբերգություն։

Դավիթ Սարգսյան