Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են վերջ դնել բենզինով աշխատող ավտոմեքենաների դարաշրջանին։ Օդի մաքրության տեղական կարգավորողը ավտոմեքենաների արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու աշխարհում ամենախիստ կանոններն է ընդունել. տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Օդային ռեսուրսների Կալիֆոռնիական խորհրդի որոշումն այն մասին, որ մինչև 2035թ. բոլոր նոր ավտոմեքենաները, պիկապները և ամենագնացները լինեն էլեկտրական կամ ջրածնային, ամենայն հավանականությամբ, կփոխի ԱՄՆ-ի ավտոմեքենաների շուկան, որի վաճառքի 10 տոկոսը բաժին է ընկնում երկրի ամենախիտ բնակեցված նահանգին։
Սպասվում է, որ մյուս նահանգները նույնպես կհետևեն այս օրինակին, ինչն էլ ավելի կարագացնի արտանետումների զրոյական մակարդակով ավտոմեքենաների արտադրությունը։
Վաշինգտոն և Մասաչուսեթս նահանգների իշխանություններն արդեն հայտարարել են, որ հետևելու են Կալիֆոռնիայի օրինակին։ Նյու Յորքը և Փենսիլվանիան մտնում են 17 նահանգների մեջ, որոնք ընդունել են Կալիֆոռնիայում առկա որոշ կամ բոլոր չափորոշիչներն արտանետվող գազերի մասին, որոնք ավելի խիստ են, քան դաշնային կանոնները։