Հերքման պահանջ՝ ՔԾ-ից. Սրբուհի Գալյանն ու Ծովինար Թադևոսյանը հրահանգ չեն տվել, բա պատասխանատո՞ւ էլ չեն

Հերքման պահանջ՝ ՔԾ-ից. Սրբուհի Գալյանն ու Ծովինար Թադևոսյանը հրահանգ չեն տվել, բա պատասխանատո՞ւ էլ չեն

Քրեակատարողական ծառայությունը դժգոհ է MediaHub-ի հրապարակումից և պահանջում է հերքել մեր հրապարակած տեղեկությունը: Թե ինչի մասին է խոսքը՝ ստորև:

Եվ այսպես, ապրիլի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ահազանգ եղավ, որ հատուկ ջոկատայինները ցմահ դատապարտյալների ջարդ են իրականացնում, անգամ ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ Տեղեկությունից որոշ ժամանակ անց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ փորձելով ծեծուջարդի ամբողջ մեղքը բարդել ցմահ դատապարտյալների վրա և «քաղաքավարի» ներկայացրին, թե ինչու են ծեծել ցմահներին։ Տարբեր վարկածներ կային, բոլորն էլ, բնականաբար ՔԾ-ից հերքեցին՝ ամեն կառույց իր ճիշտն ունի:

Հիշեցնենք, թե ինչ էր գրել MediaHub-ն այդ աղմկահարույց ու ամոթալի դեպքից հետո՝ հղում անելով մեր աղբյուրներին.

«Ըստ մեզ հասած տեղեկության՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հանձնարարությամբ և ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի հրահանգով հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները մտել են ցմահ դատապարտյալների խցեր և առանց որևէ կոմպրոմիսի, առանց հարց ու պատասխանի՝ սկսել են ծեծել բոլորին։ Իսկ իրենց մեջի ամենաակտիվ դատապարտյալին էլ, որ մշտապես բողոքել է ուտելիքից, պայմաններից, իրենց հասանելիքը չստանալուց, «գողացել» տարել են։ Գողանալը, կարծես թե, մի քիչ չափազանցրել են, որովհետև ՔԿԾ-ից ասացին՝ ընդամենը տեղափոխել են այլ հիմնարկ»։

Ահա սա է, որ պահանջում են հերքել.

«Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ ներկայացված  «տեղեկությունները» զրպարտություն են: Ո՛չ արդարադատության նախարարը, ո՛չ էլ Քրեակատարողական ծառայության պետը չեն հրահանգել ծեծել ցմահ դատապարտյալներին»,- մեզ հասցեագրված նամակում գրել է ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Հասկանալի պատճառներով MediaHub-ը չի պատրաստվում հրապարակել իր աղբյուրների անունները, որոնք մեզ փոխանցել են այս տեղեկությունը, քանզի ավելի քան վստահ ենք, որ այդ դեպքում ապրիլի սկզբի այդ ամոթալի դեպքերը կկրկնվեն: Ուստի, նշում ենք, որ չենք կարող պնդել, որ երկու վերը նշված կանայք իսկապես նման հրահանգ իջեցրել են:

Բայց արդյո՞ք սա փոխում է իրավիճակը կամ մեղմում է կատարվածի ծանրությունը: Կարծում ենք՝ ոչ: Հատկապես, որ և՛ ՄԻՊ գրասենյակը, և՛ իրավապաշտպանները, և՛ ցմահ դատապարտյալների հարազատները շարունակում են պնդել՝ ամենը եղել է այնպես, ինչպես տարածվել է հանրության շրջանում:

Ու քանի որ ՔԾ-ից հիշեցրին այս դեպքի մասին, մենք էլ որոշեցինք հասկանալ, թե ի՞նչ ունենք այս պահի դրությամբ:

Եվ այսպես, ՄԻՊ գրասենյակից MediaHub-ին փոխանցեցին՝ այդ միջադեպը շարունակում է մնալ ՄԻ պաշտպանի ուշադրության կենտրոնում, ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել կառույցից ու այս պահին դրանք դեռ չեն ստացվել: Այլ կերպ ասած՝ որքան էլ ՔԿԾ-ն փորձում է ներկայացնել, թե ոչ մի լուրջ բան էլ այդ օրը տեղի չի ունեցել, այդուհանդերձ, թե՛ ՄԻՊ-ը, թե՛ իրավապաշտպանները, թե՛ մեր աղբյուրները պնդում են, որ կատարվածը ամոթալի է, բռնություն է տեղի ունեցել դատապարտյալների նկատմամբ և այս հանգամանքը հնարավոր չէ կոծկել պաշտոնական հաղորդագրություններով: Իսկ այն, որ դատապարտյալների նկատմամբ ուժ է գործադրվել պնդում ենք ոչ թե մենք կամ մեր աղբյուրները, որ ՔԿԾ-ից հիմա էլ սրա համար հերքում պահանջեն, այլ նույն ՄԻՊ-ը:

Վերադառնանք նրան. դեպքից օրեր անց պաշտպանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.

«Պաշտպանի հանձնարարությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է մեկնել արագ արձագանքման խումբ՝ տեղում բարձրացված խնդիրների մանրամասներին ծանոթանալու, ազատություից զրկված անձանց հետ առանձնազրույց ունենալու նպատակով...

…Առանձնազրույցների ընթացքում ազատությունից զրկված անձանցից ոմանք Պաշտպանի ներկայացուցիչներին, ի թիվս այլնի, տեղեկություններ են ներկայացրել նույն օրը քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների կողմից գործադրված, իրենց պնդմամբ, անհամաչափ ֆիզիկական ուժի, խցերում առկա գույքը կոտրելու, իրենց նկատմամբ վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու մասին: Ազատությունից զրկված անձինք պնդել են, որ այրվել են ոչ թե խցերի ներքնակները, այլ մեկ սրբիչ:

Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից արձանագրվել են ազատությունից զրկված անձանց մարմնական վնասվածքները: Արձանագրվել է նաև, որ ազատությունից զրկված անձանց ցուցաբերվում է բժշկական օգնություն, այդ թվում՝ 2 անձի մոտ առկա վնասվածքների կասկածի կապակցությամբ կատարվել է նաև ռենտգեն հետազոտություն:

Այցի ընթացքում ստացված տեղեկություններն ու արձանագրված խնդիրները ներկայում ամփոփվում են»: 

Այսինքն, ՄԻՊ-ը փաստում է, որ վնասվածքներ ստացած դատապարտյալներ կան: Եվ, ի դեպ, որքան հասկանում ենք, մինչ այս պահը որևէ աշխատակից, հատուկ ուժերի ներկայացուցիչ պատժի չի ենթարկվել. MediHub-ի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել է այս դեպքերով, ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց՝ քննություն է ընթանում:

Հիշեցնենք նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը դեպքից մի քանի օր անց, ինչը ապացուցում է, որ մեզանից հերքում պահանջելը չի հանում ՔԿԾ-ի, Սրբուհի Գալյանի ու հատկապես Ծովինար Թադևոսյանի վրայից պատասխանատվությունը կատարվածի մասով.

«Հույս ունենի, որ պատկան մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, բայց տեսա, որ քրեակատարողական ծառայությունը աշխարհի մեղքերը բարդել է ցմահների վրա, այդ թվում սուտ տեղեկություններ տարածել։ Սուտ տեղեկությունները պնդել է նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հարցերին պատասխանելիս: Ներքնակներ չեն այրվել, որևէ գույք չի այրվել, բողոքի ակցիա չեն արել ցմահները։ որ վնասվածքներ ունեն փատել է նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը։ իսկ այն որ նախարարը պնդում է թե իրավաչափ է գործել սպեցնազը, դա ևս մեղմ ասած իրականությանը չի համապատախանում։ 30-40 հոգով մտել են խցերը, առնվազն 4-ից 5 խուց և ավիրել ամեն ինչ, սնունդը թափել հատակին և այլն։,ես սա կբնութագրեի բանդիտական հարձակում անպաշտպան մարդկանց վրա, ինչպես կարող էին դատապարտյալներն անհնազանդություն ցուցաբերել այդ դեպքում։ Տիկին նախարարը շարունակ խոսում է, որ իրավունք ուեին այս կամ այն անել, բայց այս պաշտոնին նշանակվել է նաև դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար։ ինչու չեք այցելել տեղում տենելու և լսելու դատապարտյալներին, թե էսպես հեշտ է մեղքը բարդել նրանց վրա։ Տիկին նախարար ձեզ հիշեցնում եմ, որ ցմահ դատապարտյալները մարդ են և պետք է մարդկային պայմաններով ապահովեք և մարկային վերաբերմունք ունենաք նրանց նկատմամբ ։ Եթե նրանք փակված են ինչ ուզենաք պիտի ասեք ու բարդեք նրանց վրա։ ինչու հնարավորություն չեք տալիս նրանց խոսելու, դեռ մի բան էլ ավելին եք անում, ամեն կերպ փորձում եք լռեցնել նրանց»:
Սա, հիշեցնենք, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումն է: 

Թերևս, ավելացնելու ոչինչ չունենք:

Լիա Խոջոյան