Ցմաh դատապարտյալները դժգոհել են ուտելիքից և պայմաններից, ինչից հետո նրանց հատուկ հրահանգով «ջшրդել են». մանրամասներ

Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ահազանգ եղավ, որ հատուկ ջոկատայինները ցմահ դատապարտյալների ջարդ են իրականացնում, անգամ ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ՔԿՀ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։
Տեղեկությունից որոշ ժամանակ անց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ փորձելով ծեծուջարդի ամբողջ մեղքը բարդել ցմահ դատապարտյալների վրա և «քաղաքավարի» ներկայացրին, թե ինչու են ծեծել ցմահներին։
Ըստ ՔԿԾ-ի պարզաբանման՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։
Ըստ այդմ, «Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։
«Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։
Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։
Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»,- ասացին մեզ ՔԿԾ-ից։
Բայց, ահա, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից MediaHub-ին բոլորովին այլ բան փոխանցեցին, որ ՔԿԾ-ից իրավիճակը միակողմանի են ներկայացնում, և իրենց հատուկ են ծեծել։
Ըստ մեզ հասած տեղեկության՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հանձնարարությամբ և ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի հրահանգով հատուկ նշանակության բաժնի աշխատակիցները մտել են ցմահ դատապարտյալների խցեր և առանց որևէ կոմպրոմիսի, առանց հարց ու պատասխանի՝ սկսել են ծեծել բոլորին։ Իսկ իրենց մեջի ամենաակտիվ դատապարտյալին էլ, որ մշտապես բողոքել է ուտելիքից, պայմաններից, իրենց հասանելիքը չստանալուց, «գողացել» տարել են։ Գողանալը, կարծես թե, մի քիչ չափազանցրել են, որովհետև ՔԿԾ-ից ասացին՝ ընդամենը տեղափոխել են այլ հիմնարկ։
Մեզ ասացին՝ այդ տղան, ում «գողացել» ու տեղափոխել են այլ հիմնարկ, միշտ բողոքում էր պայմաններից, պահանջում էր, որ ամեն ինչ օրենքով լինի, իրենց նորմալ սնունդ տան, ոչ թե աղբ և այսպես շարունակ։ Այդ տղան, որի անունը, ասացին, Դավիթ է, և 22 տարի է դատապարտված է, իր ուժերով ՔԿՀ-ում մատուռ է սարքել, ամեն շաբաթ կազմակերպում էր, որ դատապարտյալները գնային աղոթելու, բոլոր եկեղեցական տոներին էլ պատարագ էին մատուցում այնտեղ։ Ասացին նաև, որ ցմահները բունտ անելու կամ մեկը մյուսի վրա «վերխ վերցնելու» խնդիր չունեն, քանզի ուզում են շուտափույթ ազատվել, այլ ոչ թե նոր խնդիրներ ունենալ բանտում։
ՔԿԾ-ից MediaHub-ին լրացուցիչ ասացին` իրավիճակը հանդարտվել է «Նուբարաշենում», այդ ակտիվ դատապարտյալին էլ տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ, նաև նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը):
Վահե Մակարյան