Քո պատերազմն իմ խաղաղությանը վնաս չի. Հայաստանն առաջնորդվում է աշուղ Ջիվանու մոտիվներով

Քո պատերազմն իմ խաղաղությանը վնաս չի. Հայաստանն առաջնորդվում է աշուղ Ջիվանու մոտիվներով

Որքան էլ ջայլամը լինի գեղեցիկ, այնուամենայնիվ, մնում է հիմար կենդանի, քանի որ վտանգի դեպքում թաքցնելով գլուխը` կորցնում է մնացած ողջ մարմինը։ Ճիշտ է, նա չի տեսնում սեփական մարմնի հոշոտման գործընթացը, բայց դրանից նրա վիճակը չի թեթևանում ու սատկում է կատարյալ անգիտության մեջ։ Ոչ, սա խոհափիլիսոփայական մտորումներ չեն, այլ Հայաստանի դիրքորոշումն է Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի հանդեպ։

Դեռևս երեկ Ադրբեջանը տարածեց մի քանի ապատեղեկատվություն, որ Հայաստանի Զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։ Անգամ ջայլամը նախքան գլուխը հողի մեջ մտցնելը, կարող էր հասկանալ, որ նման ապատեղեկատվություններն ինքնանպատակ չեն, այլ հիմք են ստեղծում անհրաժեշտության դեպքում էսկալացիայի դիմելու համար, որոնք ուղիղ կապված են Բաքվի պահանջները չկատարելու հետ։

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կետերը համաձայնեցնելուց հետո դրել է նոր պայմաններ։ Բացի Սահմանադրությունը փոխելու, մեր ազգային հերոսներին իրենց հանձնելու պահանջներից, պաշտոնական Բաքուն Հայաստանին պարտադրում է տրամադրել «Զանգեզուրի միջանցքն» ու ապամոնտաժել սահմանին գտնվող հայկական ռազմական ենթակառուցվածքները։ Այլ խոսքով, դեռևս խաղաղության պայմանագիրը չստորագրած, Ադրբեջանը ձգտում է անպաշտպան թողնել ողջ հայ-ադրբեջանական սահմանը, հակառակ դեպքում սպառնում է էսկալացիայով։ Այո, ուղիղ սպառնում է ու իրենց ՊՆ ապատեղեկատվությունները հենց այս նպատակն են հետապնդում։

Սակայն այս ամենին ի պատասխան, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրեն Հաջիևի հայտարարությունները չեն հետաքրքրում, էսկալացիայի վտանգ էլ չի տեսնում, քանի որ իրենք դեռ նոր են հայտարարել, որ խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված են։

Հիմք ընդունելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, կարելի է երկու ենթադրություն անել. Կամ հայկական կողմը չի ցանկանում տեսնել վտանգները ու տառապում է  ժամանակագրությունը խառնելու ախտով (Ադրբեջանի նոր պահանջները դրվել են խաղաղության դրույթները համաձայնեցնելուց հետո), կամ... իրոք որևէ էսկալացիա չի լինի, որովհետև կկատարվեն Բաքվի նաև նոր պահանջները։

Երկրորդ տարբերակն ամենահավանականն է, վստահաբար կարելի է ասել, որ շուտով, շատ շուտով մենք կունենանք սահմաններ առանց բանակի, այսինքն՝ կապամոնտաժվեն ռազմական ենթակառուցվածքները։

Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությունները, որ ամեն ինչ երկկողմ է, ընդամենը խաբկանք է լյումպեն մասսայի համար։ Գոյություն չունի երկկողմ որևէ գործողություն, կա Ալիևի պարտադրանք ու Փաշինյանի ստորաքարշություն։ Սա է բանակցություններ ու երկկողմ հարաբերություններ կոչվածի բանաձևը։ Մեր բանակի ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է արդեն տևական ժամանակ, երբ զենք զինամթերքի փոխարեն՝ որպես բարեփոխում, սկսվեցին ներկայացնել խորոված-քյաբաբը։ Այսօր ընդամենը մոտենում է գործընթացի ավարտը։

Կարեն Կարապետյան