Փաշինյանը պատրաստ է ևս մի քանի զինծառայող «զոհաբերել». ՀՀ-ն պատուհան թողեց Բաքվի ապատեկեղատվության հաստատմանը

Ի պատասխան ադրբեջանական կողմի ապատեղեկատվության, որ ՀՀ զինված ուժերը Սյունիքի ուղղությամբ մեկ օրվա մեջ երեք անգամ կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այսօր հայկական կողմը հանդես եկավ մի շատ վտանգավոր հայտարարությամբ։ Տարածվեց հաղորդագրություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, եթե ներկայացվեն հիմնավորող փաստեր։
Այս հայտարարությունը հերթական հարվածն է հայկական բանակին։ Այս քայլով Հայաստանը տեսականորեն ընդունեց իր հնարավոր մեղքը ու պատուհան թողեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունների ճշմարտացի լինելու համար։
Այս քայլով Հայաստանը հող նախապատրաստեց հայ-ադրբեջանական սահմանից հայկական ռազմական ենթակառուցվածքների ապամոնտաժման համար, ինչպես պահանջում է Ալիևը, ու եթե Փաշինյանը այդ հարցում Ադրբեջանի հետ գա համաձայնության, ապա պատրաստ է նաև կեղծ հետաքննության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև պատասխանատվության ենթարկելու մի քանի հայ զինծառայողների, այլ խոսքով՝ զոհաբերելու հայ զինծառայողներին, որի նախադեպն արդեն ունեցել ենք։
Այլ խոսքով, Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ թե հերքեց Ադրբեջանի ապատեղեկատվությունը, այլ նրանց հրավիրեց քննարկման։ Այս հայտարարությունը մեծագույն դավաճանություն է ու բանակի կազմաքանդման քայլերից մեկը։
Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ շատ շուտով մենք ունենալու ենք սահման առանց բանակի, Փաշինյանի ստամոքսային տրամաբանությամբ՝ կուշտ զինվոր առանց զենքի։ Այսօր Հայաստանը պաշտոնապես հայտարարեց, որ իրենք պատրաստ են ապամոնտաժել հայկական ռազմական ենթակառուցվածքները՝ հայ ժողովրդին թողնելով անպաշտպան ու ապավինած միայն Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի» մասին բարբաջանքներին։
Կարեն Կարապետյան