Խոզնավարցիները վախի մեջ են ապրում․ ադրբեջանական դիրքերից կրակել են խոշոր տրամաչափի զինատեսակներից

Ադրբեջանը շարունակում է ամենօրյա կրակը դեպի հայկական գյուղեր։ Այսօր ՀՀ ՊՆ–ն հաստատեց, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
ՀՀ ՊՆ–ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
MediaHub-ն այսօր գրել էր, որ Խնածախում մարդիկ տագնապի մեջ են, իսկ ի՞նչ իրավիճակ է Խոզնավարում․ MediaHub-ը կապ հաստատեց գյուղի բնակչի հետ, ով նշեց, որ խոզնավարցիները ևս վախի մեջ են ապրում։
«Մենք վախի մեջ ենք ապրում։ Արդեն մեկ ամիս հանգիստ չունենք։ Մի ամսվա մեջ ընդամենը 2 օր չեն կրակել, ուրախացել էինք, հանգիստ ենք եղել։ Մեր անդորրը խաթարվել է, բայց մենք հավասար մեղադրում ենք թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի ղեկավարությանը»,– ասաց խոզնավարցին։
Նա նշեց, որ մինչև թշնամու դիրքերը գյուղերին մոտենալը, իրենք անգամ սահմանի տեղը չգիտեին, իրենցից 100-120 կմ հեռավորության վրա էր թշնամին։
«Անցած գիշեր շատ են կրակել, ավելի երկար ու ավելի խոշոր տրամաչափի զինատեսակով։ Ինչ ա, ուզո՞ւմ են մի օր սնարյադով խփեն մի քանի հոգի մեռնե՞ն, որ մեր մասին մտածեն։ Օրը 1-2 ընտանիք դուրս ա գալիս։ Առավոտն ենք իմացել, որ կրակի հետևանքով վնասվել է մեր համագյուղացու տան տանիքը, արևային համակարգը»,– նշեց նա։
Հավելելով՝ նա նշեց, որ իրենց կյանքը սահմանին օրեցօր ավելի վտանգավոր է դառնում։ Խոզնավարում չեն հավատում Փաշինյանի խոստացած խաղաղությանը, քանի որ վստահ են՝ Ալիևի հետ դա հնարավոր չէ։
«Խաղաղության ձգտող պետությունը չէր կրակի մեզ վրա, նրանց ուզածը Սյունիքն ա»,– վստահ է խոզնավարցին։
Նշենք, որ արդեն մեկ ամիս ադրբեջանական դիրքերից ինտենսիվ կրակում են Խնածախի, Խոզնավարի, Արավուսի և Տեղ բնակավայրերի ուղղությամբ են։ Ինտենսիվ կրակոցները շարունակվել են նաև ապրիլի 19-ից 20-ը, երբ հավատավոր հայ ժողովուրդը նշում էր Սուրբ Հարության տոնը։
Մարիաննա Արամյան