Ղեկավարները թող մի գիշեր մեզ հետ լուսացնեն, կրակոցների ձայներից մկան ծակը թումանով են առնելու․ խնածախցի

Սյունիքի մարզի Խնածախը տագնապի մեջ է։ Հանգստյան օրերին ևս գյուղը հանգիստ չի քնել։ Ադրբեջանական դիրքերից ուղիղ մեկ ամիս առաջ սկսված կրակոցները սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ չեն դադարում, հակառակը՝ գնալով դրանք ավելի ինտենսիվ են դառնում։
«Անցած գիշեր ժամը 10:20-ի սահմաններում երբ սկսել են կրակել, հաշվել եմ։ Եթե նախկինում 10-15 կրակոց է եղել, ապա այս անգամ հասել է 40-ի։ Կրակոցներն այնուհետև շարունակվել են 12:30-ին և լուսադեմին՝ 4:30-ին։ Ընդ որում, ես նկատել եմ, որ դրանք ինքնաձիգի ձայներ չեն։ Առավոտյան երբ դուրս եկա գյուղամեջ, մարդիկ ասացին՝ ПК-ով են կրակել»,- MediaHub-ին ասաց խնածախցի տղամարդը։
Խոսելով գյուղի առօրյայի, ադրբեջանական ամենօրյա դարձած կրակոցների մասին, մեր զրուցակիցն ասաց, որ մեծից՝ փոքր բոլորի մոտ վախ ու մտահոգություն կա, քանի որ չգիտեն, թե ի՞նչ է ադրբեջանցիների ուզածը։
«Մերոնց վրա վաղուց հույս չենք դնում։ Մի երկիր, որի ղեկավար կազմը նույնիսկ ոչինչ չի ասում իրադրության հետ կապված, ինչպե՞ս վստահենք։ Ասում են՝ թիրախային չի, խաղաղ բնակիչների վրա չեն կրակում։ Մեր տունը Ադրբեջանի դիրքից ուղիղ գծով 120 մետր հեռավորության վրա է, ղեկավարները թող գան մի գիշեր մեզ հետ լուսացնեն, տեսնենք՝ կրակոցների ձայներից ո՞նց են մկան ծակը թումանով առնելու»,- ասաց նա։
Ադրբեջանական դիրքերից Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները սկսվել են մարտի 20-ից։ Տեղացի մարդիկ սկզբից մտածել են, որ այդ երկրում նշում են «Նովրուզ բայրամի» տոնը, որն, ըստ մեր զրուցակցի, պետք է տևեր առնվազն մեկ շաբաթ։
Բայց արդեն մեկ ամիս Խնածախում, Խոզնավարում, Արավուս և Տեղ բնակավայրերում հանգիստ չեն քնում։ Ինտենսիվ կրակոցները շարունակվել են նաև ապրիլի 19-ից 20-ը, երբ հավատավոր հայ ժողովուրդը նշում էր Սուրբ Հարության տոնը։
«Մենք կանանց ու երեխաներին հույս ենք տալիս, որ ամեն ինչ լավ ա լինելու, բան չկա՝ չվախենաք, խուճապի չմատնվեք, բայց ինքներս էլ հասկանում ենք, որ ամեն ինչ օրեցօր դեպի վատն է գնում։ Անտեր ու անորոշ վիճակ է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան