Ի՞նչ Ստամբուլյան կոնվենցիա. մենթալիտետն է պետք փոխել, նման անասուններին էլ կաստրացիայի ենթարկել. Զոհրաբյան

Ի՞նչ Ստամբուլյան կոնվենցիա. մենթալիտետն է պետք փոխել, նման անասուններին էլ կաստրացիայի ենթարկել. Զոհրաբյան

Մոր կողմից դստեր նկատմամբ բռնություն գործադրելու, երեխային մերկացնելու, նրա վրա թքելու և այլ անմարդկային գործողություններ կատարելու տեսանյութը շոկային էր հանրության համար։ Սոցցանցերում քննարկումները չեն դադարում․ մինչ մարդկանց մի մասն առաջարկում է «վառել» այդ կնոջը, մյուս մասն էլ կրկին դաշտ է բերում «Ստամբուլյան կոնվենցիան» ընդունելու անհրաժեշտությունը։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այլ կարծիք ունի: Ըստ նրա՝ պետք է Քրեական օրենսգրքում նոր կարգավորումներ լինեն, որոնց համաձայն՝ նմանատիպ բռնություններին ականատես մարդիկ (հարևան, հարազատ) պարտադիր պետք է Ոստիկանություն հաղորդում ներկայացնեն ու ցուցմունք տան։ 

«Եթե այս միջադեպը չհայտնվեր սոցիալական ցանցերում, այդ երեխան կարող էր մահանալ ու մեզնից որևէ մեկն այդ մասին չէր իմանա, որովհետև թե՛ հարազատները, թե՛ հարևանները, որոնք անպայմանորեն պիտի կանչվեն հարցաքննության, ոչինչ չէին ասի։ Այդ պատճառով, ես կարծում եմ, որ Քրեական օրենսգիրքն այդ առումով պիտի վերանայվի։ Մերձավոր բարեկամները, որոնք ականատես են լինում այդ դաժան վերաբերմունքին և լռում են՝ ասելով, թե դա իրենց գործը չէ, չպիտի լռեն, և դա պետք է օրենսդրական կարգավորումներով ապահովվի»,- MediaHub-ի հետ զրույցում մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս կնոջն այլ բառով, քան անասուն, բնորոշել չի կարելի, թեև անասունն էլ ինչ-որ նվազագույն էմոցիաներ ու գենետիկ հիշողություն ունի։ 

«Ինչ վերաբերում է նրա անասուն ամուսնուն, որն, ինչպես պարզվեց, սեռական ոտնձգություն է իրականացրել երեխայի հանդեպ, պետք է քիմիական կաստրացիայի ենթարկել։ Ես և Վիկտոր Դալլաքյանն օրենսդրական նախաձեռնություն էինք բերել, որով առաջարկում էինք պեդոֆիլ անասուններին քիմիական կաստրացիայի ենթարկել։ Բայց մեր նախագիծը նույնիսկ հանձնաժողով չհասավ, որովհետև արևմտյան տարբեր վիժվածքներ, արևմտյան դեսպանատներից սնվող տարբեր պոռնիկներ ուղղակիորեն թույլ չտվեցին, որ այդ նախագիծը հասնի հանձնաժողով։ Ընդամենը օրենքում փոփոխություն կատարվեց, որ պեդոֆիլները որոշակի ժամանակահատվածում չեն կարող որոշ պաշտոններ զբաղեցնել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։ 

Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ մեր օրենսդրությունը բավարար է նման դեպքերը կանխելու համար։ Նա հիշեցրեց, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը, որն ընդունվել է դեռ իր պատգամավոր եղած ժամանակ, միանգամայն բավարար է «այդ անասունին» պատասխանատվության ենթարկելու համար։ 

«Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, ապա այն ավելի ոչինչ չունի, քան մեր ընդունած օրենքը՝ բռնության կանխարգելման մասին։ Ավելին, ժամանակին, երբ ես ԱԺ Եվրոպական ինտեգրման, այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էի, ուղղակիորեն պրեսինգի եմ ենթարկվել՝ այդ կոնվենցիայի լոբբինգը տանելու համար։ Լինեմ անկեղծ, ես ինքս այդ կոնվենցիան սկզբնական փուլում հանգամանալից չէի կարդացել, և այնտեղ որևէ վատ բան չէի գտնում։ Բայց այնտեղ բազմաթիվ նուրբ շերտեր կան, որոնք կարող են հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել»,- նշեց նա։ 

Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ այլ հարց է, որ այդ օրենքն ամբողջությամբ չի գործում․ այդտեղ արդեն մենթալիտետի հարցն է։

«Օրենքի ընդունումից մեկ ու կես տարի հետո մոնիթորինգ արեցի, Ոստիկանություն հարցում ուղարկեցի՝ հասկանալու, թե արդյո՞ք օրենքի ընդունումը հնարավորություն տվեց ավելի շատ կանանց ընտանիքում բռնության ենթարկվելուց հետո դիմել Ոստիկանություն։ Պարզվեց, որ ոչ․ դիմող կանանց թվի աճն աննշան էր։ Օրենքով պաշտպանված լինելուց հետո անգամ կանայք հրաժարվել են դիմել իրավապահ համակարգին։ Այստեղ մենք ոչ այնքան օրենքի հետ խնդիր ունենք, որքան՝ մենթալիտետի։ Մենք դեպք ունեինք, երբ ամուսինը ամեն օր կնոջ վրա սիգարետ էր հանգցնում, ու երբ մենք այդ կնոջը կարողացանք գիշերը փախցնել ու տանել մի ապահով կացարան, հաջորդ օրն ինձ զանգեց այդ կնոջ մայրը՝ ասելով, թե ոչ ոք իրավունք չունի խառնվելու իր աղջկա անձնական գործերին․ իր ամուսինն է, ինչ ուզի, կանի»,- հիշեց Զոհրաբյանը։ Այսինքն՝ այստեղ մենք մեր հայացքը փոխելու խնդիր ունենք։ 

Ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային, ապա եվրոպական բազմաթիվ երկրներ, օրինակ՝ Լեհաստանը, դուրս են եկել այդ կոնվենցիայից, քանի որ այնտեղ բազմաթիվ խութեր կան, որոնք կարող են խնդիրը կարգավորելու փոխարեն ավելի լուրջ վնաս տալ։

Նարե Գնունի