«Վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»․ արցախցիների բանկային-վարկային խնդիրներն ու խախտված իրավունքները

«Վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»․ արցախցիների բանկային-վարկային խնդիրներն ու խախտված իրավունքները

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները սոցիալական խնդիրներին զուգահեռ, նաև ոտնահարված իրավունքների վերակագնման խնդիր ունեն։ 
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, մասնավորապես բանկային-վարկային գործարքների վերաբերյալ։ Քաղաքացիներից մեկն ասաց, որ  բնակարանը վերանորոգելու նպատակով, «Հայէկոնոմբանկ-Ստեփանակերտ» մասնաճյուղից վարկ էր վերցրել ու ամսական վճարով փակում էր։ Բռնի տեղահանությունից հետո իր ընտանիքը գործազուրկ է դարձել, ապրում են վարձակալական հիմունքներով։ 

«Ես չեմ հրաժարվում իմ վարկից, բայց կարելի է գոնե միջամտնել, որոշ ժամանակ դադարեցնեն, ոտքի կանգնենք էլի սկսենք մուծումները։ Բանկը պահանջում է վճարը, առանց խղճի խայթի։ Փաստորեն, մենք վճարում ենք մի բանի համար, որն այլևս մերը չէ»,-ասաց նա։ 

Նույն խնդրով մեկ այլ քաղաքացի «Ամերիաբանկ»-ից է վարկ վերցրել։ 

«Այն ժամանակ «Ստեփանակերտ» մասնաճյուղը գործում էր Արցախի մայրաքաղաքում։ 2020 թվականի պատերազմից հետո, երբ բանկը դադարեցրեց իր գործունեությունը, վճարումները կատարում էի առցանց եղանակով։ Հիմա, երբ ոչինչ չունեմ, էլի վճարում եմ, որովհետև եթե չտամ, մի քանի ամիս անց ավելիի դիմաց կվճարեմ, շատ անխիղճ են։ Անգամ Արցախի իշխանությունները որևէ քայլ չեն նախաձեռնում, այս ամենը կանխելու համար»,-ասաց MediaHub դիմած քաղաքացին։ 
Եվս մեկ ահազանգ։ Քաղաքացին պատմեց, որ մինչև 2020  թվականի պատերազմը վարկ էր վերցրել «Ամերիա գրուպ»-ից։ Պատերազմից հետո Արցախի իշխանությունները հայտարարել են, որ մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցող քաղաքացիների փոխարեն վճարումները կիրականացնի պետությունը, մասնավորապես՝ Արցախի ներդրումային հիմնադրամը։ 

«Դիմումը գրել եմ, դրական պատասխանը ստացել։ 3 տարի ինձ ոչ բանկն է անհանգստացրել, ոչ պետությունը։ Սեպտեմբերին «Ամերիա գրուպ» ընկերությունը զանգում ու վարկը մուծելու պահանջ է ներկայացնում, աշխատակիցն ասաց, որ ձեր փոխարեն վճարում չեն արել, այդպես մնում եմ փաստի առաջ կանգնած։ Դիմել եմ նորանշանակ պետական նախարարին։ Նա Ստեփանակերտում ասաց, որ խնդրին լուծում տալու ենք, փուլերով ենք կատարում այդ վճարումները։ Բանկն իմ համաձայնությամբ, իմ հաշվեհամարից վերցրել է պարտքը, իսկ պետությունն արդեն 2  ամսից ավելի է ոչ մի հստակ բան չի ասում»,-վրդովմունքը հայտնեց Ստեփանակերտի բնակիչը։

Նա ասաց, որ հարցի վերաբերյալ Երևանում դիմել է պետական նախարարին։ Վերջինս հստակ պատասխան չի տվել։ 

Ի՞նչ է լինելու այս դեպքում, ո՞վ պետք է զբաղվի արցախցիների այսօրինակ խնդիրներով, քաղաքացիները չգիտեն, միայն իրենց հիասթափությունն են հայտնում, և նախագահ Շահրամանյանի հետ հանդիպման եզրեր փնտրում՝ բողոքն ավելի հասցեական ներկայացնելու համար»։

»