Անփութություն պետական մակարդակով. վճարողը հայտնի է, պատժվող  չի լինի

Անփութություն պետական մակարդակով. վճարողը հայտնի է, պատժվող  չի լինի

Վերջին օրերին բուռն քննարկումներ է առաջացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի հայտարարությունը։ Պարզվում է՝ հայրենի նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ տալ աշակերտներին։ 

Այս հայտարարությունից հետո ծնողների կողմից բարձրացել է բողոքի մեծ ալիք, քանի որ նրանք տեղեկացել են, որ նոր դասագրքերը հասանելի կլինեն մեկ-երկու ամսից, իսկ մինչ այդ սեփական միջոցներով պետք է էլեկտրոնային գրքերից տպագրեն և հանձնեն երեխաներին։ 

Այլ կերպ ասած՝ պետության անփութության պատճառով հավելյալ ծախս, հավելյալ նյարդեր:

MediaHub-ի հետ զրույցում Աջափնյակի դպրոցներից մեկի ծնողներից մեկը, որի զույգ աղջիկները վաղը երկրորդ դասարան են գնալու, ներկայացրեց բողոքը ոչ միայն իր, այլև դասարանի մյուս մայրիկների անունից. 

«Իմ զույգ երեխաներիս համար, ստացվում է, ես պետք է կրկնակի ծախս տեսնեմ, տպագրեմ, ինչ է նախարարությունը պարապության է մատնված: Ի՞նչ եք բա անում, որ չեք հասցնում սեպտեմբերի մեկին դասագիրք տպել: Անգամ մեր ուսուցչուհին է բողոքում, որի երեխան հինգերորդ դասարան է փոխադրվել և ինքը նույնպես խնդրի առաջ է կանգնել: Սա ուղղակի խայտառակություն է»: 

Երևանի Աբովյանի անվան դպրոցի 2-րդ դասարան փոխադրված աշակերտուհու մայրիկն էլ կատարվածը որակեց խայտառակություն, ասաց, որ 35 տարեկան է, բայց երբևէ նման խնդրի մասին չի լսել, որ պետությունը չկատարի իր գործառույթը դասագրքերի մասով: Բայց, ավելացրեց նա, թերևս սա կարելի է տեղավորել այս իշխանության վարած քաղաքականության տրամաբանության մեջ, որի համար կրթված հասարակություն ունենալը ամենևին էլ կարևոր չէ՝ այս իշխանության կադրերը վկա.

«Նախարարությունը պարտավոր է ապահովել դպրոցականներին դասագրքերով: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է այնքան ժամանակ, քանի դեռ չի հայտարարվել, որ կրթությունը վճարովի է: Այսինքն, ստացվում է, որ պատասխանատու անձինք փոխարենը զբաղվեն իրենց գործով, չգիտեմ ինչ են արել, բայց, փաստացի, սեպտեմբերի 1-ին պատրաստ չեն: Ինչու ես կամ մյուս ծնողները պետք է հավելյալ ծախս տեսնենք, նյարդ քայքայենք էլեկտրոնային գիրքը ներբեռնելու, այն տպագրելու համա՞ր: Սա ուղղակի պետական մակարդակով անփութություն է, ուրիշ ոչինչ»,- ասաց Սոնա Խ.-ն:

Նա հավելեց, որ վստահ է, որ պատասխանատուներից և ոչ մեկը այս թերացման համար ոչ միայն չի պատժվի, այլև ներողություն չի խնդրի ծնողներից հավելյալ խնդիրներ ստեղծելու համար: 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի բաժնից MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին, որ նախարարությունն ամենաշատն է ուզում ապահովել երեխաներին դասագրքերով, իսկ «ինչ-որ գործընթացի շուտ լինելը օրենքով սահմանված գործընթաց է»։ Նաև հղում արեցին նախարարի այսօրվա ելույթոին: 

Նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Կառավարության նիստում, անդրադառնալով խնդրին, հայտարարել է. «Տպագրության գործընթացներն ընթացքում են, մի մասն արդեն կլինեն դպրոցներում բառացիորեն այս օրերին, մյուսները կլինեն արդեն սեպտեմբերի ընթացքում: Այստեղ, իհարկե, որոշակի կազմակերպման խնդիր կունենանք դպրոցներում աշխատանքների, բայց նախորդ օրերին շատ ինտենսիվ աշխատել ենք բոլոր դպրոցների հետ և ընթացքում էլ կապի մեջ ենք լինելու, մինչև դասագրքերն ամբողջ ծավալով լինեն դպրոցներում»: 

Մնում է հույս ունենալ, որ «բառացիորեն առաջիկա օրերին» ասվածը չի ձգձգվի և ծնողները ստիպված չեն լինի պետության թերացման պատճառով սեփական գրպանից վճարել ու զուգահեռ նյարդայնանալ:

Մարիա Զարգարյան