Միքայել Արզումանյանին անազատության մեջ պահելը քաղաքական կարևոր տարր ունի, մերժեցին տեսակցելը նաև դրա համար․ Մանուկյան

Միքայել Արզումանյանին անազատության մեջ պահելը քաղաքական կարևոր տարր ունի, մերժեցին տեսակցելը նաև դրա համար․ Մանուկյան

8 ամիս ԱԱԾ-ի նկուղում պահվող Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին այցելելու թույլտվություն ստանալու համար ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է Արզումանյանի գործով քննիչին ու մերժում ստացել՝ առանց հստակ հիմնավորման։

44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը, որին մեղադրանք է առաջադրվել Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար, կալանավորվեց անցած տարվա սեպտեմբերի 1-ին։

«Դիմել էի քննիչին՝ Արզումանյանի հետ հանդիպման թույլտվություն ստանալու համար, նշելով, որ եթե հանդիպման, զրույցի ընթացքում տեղեկություն ստանամ՝ չեմ հրապարակի: Առանց հիմնավորումների՝ քննիչը մերժեց»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է պատգամավորը։ 

Գեղամ Մանուկյանը Միքայել Արզումանյանին հանդիպելու ցանկությունը հիմնավորում է վերջինիս քաղաքական դրդապատճառներով կալանավորելու հանգամանքով․  

«Արզումանյանը Արցախյան ազատամարտի ամբողջ ընթացքում մեծագույն վաստակ ունեցած մեծագույն զինվորական է եւ հասկանալի է նաեւ, որ նրան քաղաքական նպատակներով են ազատության մեջ պահում»։

Արզումանյանի հետ հանդիպման մերժումը  հերթական անգամ վկայում է, ասում է Մանուկյանը, որ այս ամբողջ գործընթացը իրավական հիմքից դուրս ունի քաղաքական կարեւոր տարր։ Հարցին, թե գուցե մտահոգություն է եղել, որ Արզումանյանը 44-օրյա պատերազմին վերաբերող ուշագրավ տեղեկություններ կհայտնի, Մանուկյանն արձագանքեց․

«Չգիտեմ, քննիչի ուղեղի պարունակությունը ինձ հայտնի չէ»։

Միքայել Արզումանյանը, ըստ Քննչական կոմիտեի՝ 44-օրյա պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020-ի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր եւ վիրավորներ։

Ավելի վաղ գրել էինք, որ Արզումանյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվեց:

Լիա Սարգսյան