Կիմ Չեն Ընը շքեղ բնակարան է նվիրել հեռուստաաստղին

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում գտնվող շքեղ բնակարան է նվիրել հանրահայտ հաղորդավարուհի Լի Չհուն Հիին: Էլիտար թաղամասում տեղակայված բնակարանը հաղորդավարուհուն է հանձնվել պետությանը մատուցած հատուկ ծառայությունների համար, գրում է Daily Sabah թերթը:
Լի Չհուն Հին համարվում է Կորեական կենտրոնական հեռուստատեսության աստղն ու իշխող Աշխատավորական կուսակցության ձայնը: Նա ԶԼՄ-ներում աշխատել է ավելի քան 50 տարի եւ հայտարարել է այնպիսի իրադարձությունների մասին, որոնցից են միջուկային զենքի հաջող փորձարկումը եւ ԿԺԴՀ նախկին ղեկավար Կիմ Իր Սենի մահվան լուրը:
Թաղամասը, որտեղ 79-ամյա հաղորդավարուհին բնակարան է ստացել, կառուցվել է հյուսիսկորեական պետության հիմնադրի ծննդյան 110-ամյակի առթիվ. մինչեւ 1970-ականներն այդ վայրում գտնվել է նրա պաշտոնական նստավայրը: