Ռուսաստանը անցանկալի անձ է հայտարարել ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի

Ռուսաստանը անցանկալի անձ է հայտարարել ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի

Ռուսաստանը, ի պատասխան Եվրամիությունում մշտական ​​ներկայացուցչությունից իր աշխատակիցների վտարման, պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում ԵՄ պատվիրակության 18 աշխատակցի. հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։

«Ի պատասխան Եվրամիության ոչ բարեկամական գործողությունների՝ Ռուսաստանում ԵՄ պատվիրակության 18 աշխատակիցներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա և մոտ ապագայում պետք է լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Համապատասխան նոտան փոխանցվել է Մոսկվայում ԵՄ պատվիրակության ղեկավար Մարկուս Էդերերին»,- հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունից։

Ապրիլի 5-ին Եվրամիությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչության 19 աշխատակցի «իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին հակասող գործողություններին մասնակցելու համար»։

ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության առաքելությունը տեղի ունեցածը անվանել էր թշնամական և անհիմն քայլ։ Նշվել էր, որ սրան պատասխան արձագանք է տրվելու։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Կրեմլը բացասաբար է վերաբերվում ԵՄ երկրների կողմից ռուս դիվանագետների արտաքսմանը։ Այդ քայլերը բարդացնում են երկրների միջև շփումները և անխուսափելիորեն կհանգեցնեն ռուսական պատասխան գործողությունների: