Իմ ինչի՞ն ա պետք՝ կնոջը սպառնամ կամ հայհոյեմ, մաքսիմում՝ նկատողություն տամ․ Փարաքարի համայնքապետը՝ միջադեպի մասին 

Իմ ինչի՞ն ա պետք՝ կնոջը սպառնամ կամ հայհոյեմ, մաքսիմում՝ նկատողություն տամ․ Փարաքարի համայնքապետը՝ միջադեպի մասին 

Մենք գրել էինք, որ Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի նկատմամբ ապրիլի 6-ին Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանը դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հաղորդում տվել Մինասյանի դեմ, որ վերջինս իրեն հայհոյել ու սպառնացել է։ Դրանից հետո էլ վարույթ են նախաձեռնել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ 

Դավիթ Մինասյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, թե առաջին անգամ մեզնից է լսում, որ Քննչական կոմիտեում իր դեմ վարույթ են նախաձեռնել։ 

«Իմ դե՞մ։ Ե՞րբ։ Ես դրա մասին տեղյակ չեմ, որտեղի՞ց եք ինֆորմացվել դրա մասին»,- զարմացավ Դավիթ Մինասյանը։ 

-Մեզ ասացին՝ Ձեր աշխատակից Նելլի Սողոյանը Ձեր դեմ բողոք է գրել ոստիկանությունում, որ Դուք նրան հայհոյել, սպառնացել եք։ 

-Ինչի՞ համար եմ հայհոյել, ինչի՞ համար եմ սպառնացել։ Նման բան առաջին անգամ Ձեզնից եմ լսում։ 

-Այդ դեպքում Քննչական կոմիտեն ինչպե՞ս է Ձեր դեմ քրեական վարույթ նախաձեռնել։ 

-Չեմ կարող ասել, եթե էդ ամեն ինչը ռեալ է, եթե իմ դեմ հարուցված նոր գործ կա, ուրեմն Քննչական կոմիտեն ինձ կհրավիրի, հարցեր կտա։ 

-Իսկ Դուք այդ տիկնոջ հետ ի՞նչ խնդիր եք ունեցել ապրիլի 5-ին։

-Նա իմ աշխատակիցն է, խնդիրներ ցանկացած աշխատակցի հետ կարան լինեն ցանկացած հարաբերություններում։ Բայց որպես էդպիսին, որ հայհոյեմ, սպառնամ․․․ Իմ ինչի՞ն ա պետք՝ կնոջը սպառնամ կամ հայհոյեմ, մաքսիմում՝ իր ոչ պատշաճ աշխատանքի համար կարամ նկատողություն տամ կամ էլ խոսքով անցնենք առաջ։ 

-Իսկ ինչ-որ խնդիր եղե՞լ է աշխատանքում, նրա աշխատանքից դժգոհություն եղե՞լ է Ձեր կողմից։ 

-Դե, աշխատողների հետ կապված, բնական է, կարա լինի, էլի, տենց ընդհանուր չմանրանանք՝ որտեղ ինչ ա եղել, որ բաժնի աշխատանքի հետ, դա շենքի ներքին ինֆորմացիա է, որ չպիտի տարածվի։ Համենայնդեպս, ես չեմ տարածում տենց բաներ։

-Ուրեմն ինչ-որ մարդիկ տարածել են։ 

-Դե, ամոթ իրենց, ի՞նչ ասեմ։

-Լավ, իսկ ի՞նչ խնդիր է եղել, որ մտել եք Նելլի Սողոյանի աշխատասենյակ, գոռգոռացել նրա վրա, հայհոյել, սպառնացել, ինչպես մեզ պատմեցին։ 

-Հայհոյե՞լ։ Իսկ ո՞վ ա փաստում, որ ես հայհոյել, սպառնացել եմ իրեն։ Ես սենց բան առաջին անգամ եմ լսում, եթե գործ էլ հարուցել են, թող պատշաճ հրավիրեն, ծանուցեն դրա մասին։ 

-Ամեն դեպքում, ի՞նչ խնդիր է եղել, որ մտել եք այդ տիկնոջ աշխատասենյակ։ 

-Դե, ցանկացած ժամանակ էլ կարամ ցանկացած աշխատողի աշխատասենյակի դուռը բացեմ, մտնեմ, դուրս գամ։ Հիմա ես պիտի ասե՞մ՝ ինչի համար եմ մտել էդ աշխատակցի սենյակ, կամ ինչ-որ մեկից թույլտվություն վերցնեմ, որ մտնեմ կամ չմտնե՞մ։ 

-Կարող է ինչ-որ խնդիր է եղել, դժգոհել եք նրա աշխատանքից, դրա համար եք մտել։ 

-Որ մեկի աշխատանքից էլ դժգոհում եմ, իրեն կանչում, իր երեսին ասում եմ դրա մասին կամ նկատողություն եմ տալիս։

 -Իսկ այս դեպքում կանչե՞լ եք, թե՞ Դուք եք գնացել Նելլի Սողոյանի աշխատասենյակ։ 

-Հա՛մ կանչել եմ, հա՛մ ես եմ գնացել։

-Նաև ասացին՝ դուրս եք հրավիրել Նելլի Սողոյանին իր աշխատասենյակից։ 

-Իր աշխատասենյակից դուրս չեմ հրավիրել, ուրիշի աշխատասենյակում էր նստած աշխատանքի ժամին, տնտեսվարի հետ նստած էր, ասել եմ՝ «գնա քո աշխատասենյակ, էս ժամին դու իրավունք չունես էստեղ նստել»։ 

Վահե Մակարյան