Փարաքարի համայնքապետը հայհոյել ու սպառնացել է իր ենթակա կնոջը․ նրան նորից մեղադրում են խուլիգանության մեջ

Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը կրկին հայտնվել է սկանդալում և իրավապահների տիրույթում։
Հիշեցնենք, 2023 թվականի ապրիլի 23-ին Մինասյանը ևս մեկ անձի հետ «Կալիֆորնիա» գիշերային ակումբում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների, պարուհիների և անվտանգության աշխատակիցների նկատմամբ, խախտել հասարակական կարգը, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ և ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները։ Նրա նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։
Այս անգամ ևս նա նմանատիպ արարք է թույլ տվել, բայց արդեն համայնքապետարանում և իր ենթակայի նկատմամբ։
MediaHub-ի տեղեկություններով՝ Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանն ապրիլի 5-ին հայհոյել է համայնքապետարանի Կրթության բաժնի պետ Նելլի Սողոյանին և սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։ Ասացին՝ Մինասյանը մտել է Սողոյանի աշխատասենյակ, գոռգոռացել նրա վրա, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել ու կնոջը դուրս հանել աշխատասենյակից։ Սողոյանն էլ դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ նման հաղորդում իրենք ստացել են, և հիմա գործը Քննչական կոմիտեում է։
ՔԿ-ից ևս հաստատեցին MediaHub-ի տեղեկությունը՝ նշելով․ «Առերևույթ հանցավոր արարքի մասին հաղորդում ստացվել է ապրիլի 5-ին, որի առթիվ ապրիլի 6-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (խուլիգանություն)։ Հաղորդում տվող կինը ճանաչվել է տուժող։ Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»։
Քննչական կոմիտեից նաև հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում է մեկ տարի առաջ Դավիթ Մինասյանի նկատմամբ նախաձեռնված խուլիգանության հատկանիշներով վարույթը։ ՔԿ-ից ասացին՝ ավարտվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով բնակավայրում գործող գիշերային ակումբում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, գործն ուղարկվել է դատարան։
Վահե Մակարյան