Շատ է hյուծվել, նիhարել, խնդիրներ է ձեռք բերել. Մարտակերտի քաղաքապետը հիմա էլ տնային կալանքի տակ է

Շատ է hյուծվել, նիhարել, խնդիրներ է ձեռք բերել. Մարտակերտի քաղաքապետը հիմա էլ տնային կալանքի տակ է

Մեկ ամիս քրեակատարողական հիմնարկում անցկացնելուց հետո Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Հիշեցնենք, որ դատարանը մայիսի 25-ին նրա նկատմամբ կիրառել էր 2 ամիս կալանք։  

«Հայրս հիմա տանն է, մեր բոլորի հոգածության ներքո։ Անցած մեկ ամսվա ընթացքում շատ է հյուծվել, նիհարել, նաև խնդիրներ է ձեռք բերել, ճնշումն է բարձրանում։ Մենք ամեն ինչ անում ենք նրա ֆիզիկական ու հոգեբանական վիճակը կայունացնելու համար»,- MediaHub-ին ասաց Գրիգորի Գյուրջյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ չնայած տանն է, բայց ոչ ազատության մեջ, քանի որ կայացված դատական ակտի հիման վրա՝ Միշա Գյուրջյանը պետք է լինի տնային կալանքի տակ։ Համակեցությամբ ապրողներից բացի անմիջական շփումը, հեռախոսազանգը, տեսազանգը մյուսների հետ արգելվում է։ 

Նշենք, որ նախորդ ամսվա ընթացքում խուզարկություններ են տեղի ունեցել  նաև Ստեփանակերտի և Ասկերանի համայնքների ղեկավարների բնակարաններում, ապա վերջիններս ձերբակալվել են։ Ավելի ուշ ձերբակալվեց նաև Մարտակերտի քաղաքապետը։ Բոլոր դեպքերում ձերբակալվածները կասկածվում էին փաստաթղթերի կեղծման, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության համար։

«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է արցախցիների նկատմամբ։ Կասկած չկա, բոլորն են այդպես մտածում, որ պատճառն այդ օրերին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կազմակերպված պայքարն էր։ Բայց ի՞նչ կապ ունի հայրս։ Չէ՞որ դա քաղաքացիների ազատ որոշումն է, ուզո՞ւմ են մասնակցել, թե՞ ոչ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան