Ավելի մեծ ողբերգություն է լինելու, քան 1915 թվականն էր. քաղաքագետ

Եվրամիության առաքելության գալը Հայաստան և դրա երկարատեւ տեղակայումը մեր երկրում Մոսկվայի կողմից կոշտ գնահատականի արժանացավ։
ՌԴ ԱԳՆ-ն անմիջապես արձագանքեց․ «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կցորդի վերածված եւ ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան եւ սրել առկա հակասությունները»։
Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը MediaHub-ի հետ զրույցում Մոսկվայի այս դիրքորուշումը պայմանավորում է օբյեկտիվ հանգամանքներով։ Տրամաբանական է համարում ՌԴ-ի այս պահվածքը, քանի որ Հայաստանն, ըստ քաղաքագետի, իր տարածք է բերում այն ուժերին, որոնք Ռուսաստանի համար թշնամական են․
- Ռուսաստանը գտնվում է ոչ թե սառը, այլ տաք պատերազմի մեջ Արեւմուտքի հետ։ Ռուսական կողմի վերջին կոշտ արձագանքները պայմանավորված են հենց Փաշինյանի քաղաքականությամբ։ ՌԴ քաղաքական ղեկավարության մոտ ընկալում ու վերաբերմունք է փոխվել։ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը տանում է նրան, որ ՌԴ-ն տարածաշրջանից դուրս գա։ Քաղաքական ղեկավարության շահի տեսանկյունից հասկանալի եւ տրամաբանական է։ Արցախյան պատերազմը կանգնեցվեց ռուսական ջանքերի շնորհիվ եւ տրամաբանական էր Ռուսաստանի ակնկալիքն առ այն, որ վճռորոշ դեր կունենան եւ՛բանակցային գործընթացում, եւ՛տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն։ Բայց մենք տեսանք, որ ծնվեցին բանակցային այլ հարթակներ, այդ թվում՝ «եվրոպական» կամ «վաշինգտոնյան» հարթակը։ Փաշինյանն ընտրել է «վաշինգտոնյան» տարբերակը եւ տրամաբանական է, որ որոշակի հակազդեցություն լինելու է։
- Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու գործընթացների մասով, դա իրատեսական համարու՞մ եք։
- Պատմությունը ցույց է տալիս, որ, եթե անգամ տարածաշրջանից Ռուսաստանը ժամանակավոր գնում է, ինչպես օրինակ 1920-ական թվականներին, հետո վերադառնում է։ Ամենաանհավանական սցենարի դեպքում անգամ, եթե պատկերացնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանը հաղթող դուրս չգա, ապա աշխարհաքաղաքական տգիտություն է եւ պատմության չիմացություն կարծել, որ դրանից հետո Ռուսաստանը կհրաժարվի ու դուրս կգա տարածաշրջանից։
- Արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունը, որն ակնհայտ հակառուսական քաղաքականություն է վարում, չի գիտակցում այս ամենը։
- Հայաստանի իշխող վերնախավը չի գիտակցում, եւ սա բերելու է շատ մեծ ողբերգությունների։ Ես հոռետեսական կանխատեսում չեմ անում, բայց՝ այդ ողբերգությունը 2020թ․-ի պատերազմից մեծ է լինելու։
- 1915թ․-ի դեպքերի նմա՞ն։
- Ըստ իս՝ ավելի ողբերգական, քան 1915 թվականն էր։ Այն ժամանակ մենք պետականություն չենք ունեցել, ինքնապաշտպանության, ինքնակազմակերպման խնդիրներ ենք ունեցել, հիմա այն, ինչին մեզ տանում են, շատ ավելի մեծ ողբերգության է հանգեցնելու։ Հիմա մենք ունենք քաղաքական ինստիտուտներ, սակայն կանխամտածված, ելնելով իրենց իսկ անձնական շահերից, որոնք հակադրվում են ՀՀ շահերին, Հայատանը դարձնում են աշխարհաքաղաքական բախումների կենտրոն, վերացնելով Հայաստանի վրայից հովանոցը։ Սա տանում է 1915թ․-ի կրկնության։
- Ի՞նչ հետեւանք կունենա Փաշինյանի՝ Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելը՝ այն պնդմամբ, թե զորավարժությունները կարող են սպառնալիք հանդիսանալ թուրք-ադրբեջանական տանդեմի համար։
- Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ իրենք դեմ են, իրենց մտահոգում է այն, որ Հայաստանին շարունակում են զինել, բանակը շարունակվում է վերազինվել։ Ըստ էության, Ադրբեջանը հայկական բանակը նույնպես համարում է սպառնալիք։ Վերջերս մենք տեսանք, որ իրենց այսպես կոչված մարդու իրավուքների պաշտպանները խոսում են այն մասին, որ, օրինակ, Մեծամորի ատոմակայանը նույնպես վտանգ է ներկայացնում տարածաշրջանի ու իրենց համար։ Եթե մենք շարժվելու ենք այն տարամաբանությամբ, որ Հայաստանի քաղաքական, պետական կոնստրուկտներից հեռացնելու ենք այն ամենը, ինչն Ադրբեջանը կարող է ընկալել որպես սպառնալիք, կհասնենք նրան, որ հայոց պետականությունն ընդհանրապես «կապամոնտաժենք», որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը սպառնալիք տեսնում են հենց հայկական պետականությունը։
- Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ «ՔՊ»-ական պատգամավորների շուրթերով, դաշտ է նետում պնդումը, թե Լաչինի միջանցքը փակել են ռուսները, ռուսներն էլ թող բացեն։ Այս քաղաքականությունը ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում։
- Լաչինի միջանցքի փակումը ուղիղ հետեւանք է Պրահայում ձեռք բերված համաձայնության։ Պրահայում ղեկավարությունը հաստատեց «վաշինգտոնյան» փաստաթղթով այսպես կոչված՝ խաղաղության հասնելու իր տրամադրությունները։ «Վաշինգտոնյան» փաստաթուղթը ենթադրում է, որ մենք Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, ու Պրահայում դա վերահաստատվում է։ Եթե Արցախը Ադրբեջանի մաս է, ուրեմն Լաչինի միջանցքը, Արցախում գործող հանքերը նույնպես Ադրբեջանի մաս են, հետեւաբար Ադրբեջանը երբ կուզի՝ կփակի։ Ցանկացած ոք, ով մասնակցել է հայ-ադրբեջանական երկարամյա բանակցություններին, կամ գոնե մի փոքր ծանոթ է, կասի, որ վերջնական կարգավորման պարագայում Լաչինի միջանցը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախի Հանրապետությունը։ Եթե Արցախը դառնում է անկախ պետություն, Լաչինի միջանցքն էլ դառնում է դրա մի մասնիկը։ Բայց քանի որ դու «վաշինգտոնյան» փաստաթողով այլ տարբերակ ես ընտրել, Պրահայում էլ դա հաստատել ես, ստացվում է, որ եւ՛ Լաչինի միջանցը, եւ Արցախի Հանրապտությունը Ադրբեջանի մաս են, եւ Ադրբեջանն ինչ ուզում, այն էլ անում է։ Լաչինի միջանցքի փակումը մենք պետք է այս տրամաբանության մեջ դիտարկենք։
Ինչ վերաբերում է նրան, որ ռուսներին են մեղադրում, դա նույնպես տրամաբանական է այս իշխանությունների մոտեցումների տեսանկյունից։ Բոլոր խնդիրները, որոնք կապված են պետությունում առկա իրավիճակի հետ, իրենք փորձում են բարդել այլոց վրա։ Առաջ նախկիններն էին մեղավոր, հիմա՝ Ռուսաստանը։ Այլ խնդիր է, երբ նաեւ հայտարարում ենք, որ Հայաստանը չի ներգրավվելու Լաչինի միջանցքի բանակցություններում եւ դա անում են պետության առաջին դեմքի մակարդակով, ինչը եւս մեկ անգամ հաստատում է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Լիա Սարգսյան