Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով. ԿԳՄՍ նախարարություն

Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով. ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են.

«Վշտով հայտնում ենք, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։

Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ, ապա ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1958-1960 թվականներին՝ որպես ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող, ապա աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի բաժնի վարիչ, զբաղեցրել գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի և տնօրենի պաշտոնները։

1980 թվականին Ռադիկ Մարտիրոսյանը ստացել է դոկտորի գիտական աստիճան, իսկ 1982 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1986 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1990 թվականին՝ ակադեմիկոս։

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում աշխատանքին զուգահեռ՝ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում՝ 1983-1993 թվականներին հանդիսանալով ԵՊՀ-ում իր նախաձեռնությամբ ստեղծված գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1993-2006 թվականներին զբաղեցրել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։

2006-2021 թվականներին հանդիսացել է ԳԱԱ նախագահ՝ միաժամանակ շարունակելով աշխատանքը ԵՊՀ-ում՝ որպես ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ։ 2016 թվականից Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է, 2021 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդական։ Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների։

Պարգևատրվել է «Պատվո նշան», Ժողովուրդների բարեկամության, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»1-ին աստիճանի շքանշաններով, ինչպես նաև ԵՊՀ մեդալով, Իտալիայի նախագահի, Ֆրանսիայի կառավարության և այլ շքանշաններով:

ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և Հայաստանի գիտական համայնքին։ Նրա գիտակրթական անուրանալի ժառանգությունը վառ կմնա Հայաստանի գիտության և բարձրագույն կրթության պատմության մեջ։

Տեղեկացնում ենք, որ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի որոշմամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով։