Եթե Բաքուն ու Երևանն Ալմաթիում խաղաղության պայմանագիր կնքեն, դա դրական ազդեցություն կունենա․ Ղազախստանի ներկայացուցիչ

Ալմաթիում բանակցությունները տեղի կունենան բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք լինել չի կարող։ Ճեպազրույցի ժամանակ ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմեդյարովը։
Նա նշել է, որ Ղազախստանը մատուցում է միայն բարի կամքի ծառայություն՝ որպես good office (բարի գրասենյակ)։
«Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Կցանկանայի նշել, որ խոսքը չի վերաբերում Աստանայի միջնորդությանը, մենք տրամադրում ենք միայն բարի կամքի ծառայություններ»,- ընդգծել է նա։
Սակայն, ըստ նրա, եթե Բաքուն ու Երևանը Ալմաթիում խաղաղության պայմանագիր կնքեն, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա։