Սեպտեմբերյան իրադարձությունները՝ էթնիկ զտման դասական օրինակ

Սեպտեմբերյան իրադարձությունները՝ էթնիկ զտման դասական օրինակ

Արցախում հայ ժողովրդի էթնիկ զտման փորձերն առավել հայտնի են դեռևս 1980-ականների վերջից։ Էթնիկ զտումներն իրագործվեցին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և հայաշատ այլ բնակավայրերում ապրող հայերի նկատմամբ։ Դրանք ուղեկցվեցին սպանություններով  ու խոշտանգումներով։

Դա պատասխան էր արցախահայության՝ մայր Հայաստանին վերամիավորվելու արդար պահանջով կազմակերպվող խաղաղ հանրահավաքների։ 1990-ականներին ծայր առած պատերազմում հայ ժողովրդի տարած հաղթանակը կանխեց ադրբեջանցիների ցեղասպան քաղաքականության ընթացքը, սակայն, չփոխվեցին նրանց նպատակները։ 

2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները վերահաստատեցին այս ամենը։ Առաջին թիրախը Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի դպրոցն էր, առաջին զոհը՝ դպրոցահասակ երեխան, Մարտակերտի Թալիշում գլխատվեցին տարեց ամուսիններ։ 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի և թյուրքական պետությունների հովանավորությամբ Արցախում սանձազերծեց նոր պատերազմ։ Խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կիրառվում էին զանգվածային ոչնչացման համար նախատեսված՝ արգելված զենքեր։

Սպանվեցին ու գերեվարվեցին հարյուրավոր քաղաքացիներ։ Հադրութում Արցախի դրոշով փաթաթել ու սպանել են հորը և որդուն։ Տասնյակ քաղաքացիների մասին առ այսօր տեղեկություն չկա։ Աշխարհը չտեսնելու էր տալիս խաղաղ բնակչությանը գլխատելու, ականջները կտրելու կադրերը և բավարարվում էր միայն ոչ հասցեական կոչերով ու հորդորներով։ Այնուամենայնիվ, պատերազմն ավարտվեց ոչ մեր հաղթանակով։ Աշխարհի աչքի առաջ Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի շրջանների, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքների հազարավոր բնակիչներ դարձան անօթևան։ 

Սակայն, 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր, հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների թիրախավորումներն անընդհատ լարվածության մեջ էր պահում Արցախի բնակիչներին։ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտի հարակից խաղողի դաշտում գրանցվեց մահվան առաջին դեպքը, մի քանի օր անց Մարտունու շրջանում՝ հրազենային վիրավորում ստացան 2 քաղաքացի։ Ամարասի հովտում, Ասկերանի վերին ենթաշրջանում կրակոցները դարձան պարբերական, իսկ Ներքին Սզնեք, Թաղավարդ, Կարմիր շուկա, Բերդաշեն համայնքները հաճախակի էին հայտնվում  թշնամու թիրախում։ 

Այսպես, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին դրվեց Արցախում էթնիկ զտման հիմքը։ Փակվեց Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։ 9 ամիս շարունակ Արցախը մռռում էր պաշարման հետևանքով ստեղծված հումանիտար աղետից։ Արգելափակվեց Հայաստանից Արցախ մտնող բնական գազի մատակարարումը, էլեկտրաէներգիան տրամադրվում էր հովհարային անջատումներով, չկար վառելիք, դատարկ էին խանութներն ու դեղատները։ Իննամսյա պաշարումը հյուծեց 120 հազար բնակչությանը։ Իրենց իրավունքների պաշտպանության և Արցախի ձայնն աշխարհին հասցնելու համար հաճախակի կազմակերպվող ցույցերին ու հանրահավաքներին Ադրբեջանը պատասխանում էր կրակոցներով, սահմանին իրադրության լարումով։ 

2023 թվականի մարտի 5-ին ոստիկանության հերթական հերթափոխի ժամանակ, կրակի տակ հայտնվեց ոստիկանական ավտոմեքենան։ Սպանվեց ոստիկանության 3 սպա, ևս մեկը կրծքավանդակի շրջանում ստացավ հրազենային ծանր վիրավորում։ Աշխարհը լռեց։ 

Աշխարհաքաղաքական այս խաղակռիվների արդյունքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց 2023  թվականին։ Սեպտեմբերի 19-ի ուղիղ կեսօրին առաջնագծի բոլոր ուղղություններով սկսվեցին կրակոցները, մի քանի րոպե անց՝ թիրախում նաև խաղաղ բնակավայրերն էին։ Մեկ րոպե անգամ չեն դադարել օդային տագնապի ազդանշանն ու խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակի ձայները։ Արցախի երկնքում թանձրացել էր վառոդի հոտը։ 

Միայն ուշ երեկոյան և հաջորդ օրը պարզ դարձավ, որ շրջաններում խաղաղ բնակիչների խոշտանգման դեպքեր են արձանագրվ ել։ 

Արտակարգ իրավիճակների ծառայությանը կից բացազատվեց օպերատիվ շտաբ, հավաքագրվում էին զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասին տվյալներ, արձանագրվում էին էթնիկ զտման դեպքերի փաստերը՝ առաջին ձեռքից։

Շրջաններից տարհանված բնակիչները պատմում են՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում է գրանցվել Ասկերանի Սառնաղբյուր գյուղում։ Զոհվել է 5 խաղաղ բնակիչ, որից 3-ը երեխաներ են, 15-ը` վիրավորվել են, այդ թվում՝ 5 երեխա, 4-ը գերեվարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։ Գերեվարվածների թվում են հաշմանդամ մայր ու որդի, որոնց Ադրբեջանը տեղափոխել է Աղդամ, մոր աչքի առաջ ծեծել հիվանդ տղային, այնուհետև խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխել։

Հունան Թադևոսյան