Ես վաղվանից աշխատում եմ, թող գան փակեն․ «Մալաթիայի» տնօրեն

Ես վաղվանից աշխատում եմ, թող գան փակեն․ «Մալաթիայի» տնօրեն

Տեսչական մարմնի հետ ձեռք բերած պայմանավորվածությունը մեր մասով պահված է․ աշխատանքները գրեթե ավարտել ենք, քիչ հետո գնալու ենք տեսչական մարմին՝ հաշվետվություն տալու։

Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։

«Մեզ ասել էին, որ երեք շարքում առաստաղների ու հոսանքի խնդիրը լուծենք, մենք մի բան էլ ավելի ենք արել․ չորս շարքում հոսանքի խնդիր ենք լուծել, առաստաղներն ամբողջությամբ փոխել ենք, ոչ հրդեհավտանգ առաստաղներ ենք դրել, այսօր էլ արդեն տարածքը կմաքրենք ու վերջ։ Խողովակներն էլ, որ պետք է 1․35 մետր բարձրություն ունենային, փոխել ենք»,- ներկայացրեց Ավետիսյանը։ 

Նրա խոսքով՝ եթե տեսչական մարմինն իր խոստումը պահի, ապա վաղվանից տոնավաճառը կգործի։ Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենց աշխատանքի արագությունը զարմացրել է տեսչականի մասնագետներին, սակայն իրենք գիշեր-ցերեկ աշխատել են, որ ամեն բան շուտ ստացվի, վաճառողներն էլ ձմեռային ապրանքը կարողանան սպառել։ Իսկ եթե տեսչական մարմինը էլի ինչ-որ պատճառներով թույլ չտա, որ տոնավաճառը գործի․ հարցին Սամվել Ավետիսյանը հստակ պատասխանեց․

«Ես վաղվանից աշխատում եմ, թող գան փակեն»։ 

Հիշեցնենք, որ փետրվարի մեկից կասեցվել են տոնավաճառի աշխատանքները․ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հակահրդեհային կանոնների պահպանման 17 խախտում էր արձանագրել, որից միայն 12-ն էր շտկվել։

Մյուս հինգ կետերը կարգավորելու համար տնօրինությունը ժամանակ էր խնդրել տեսչական մարմնից։ 

Նարե Գնունի