Թույլ ղեկավարի լուզեր համակարգը

Թույլ ղեկավարի լուզեր համակարգը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Վահե Ղազարյանն է, ում ղեկավարությամբ ոստիկանությունը վերածվել է Փաշինյանի թիկնազորի՝ թերանալով իր ֆունկցիոնալ պարտականությունների կատարման գործում: 

Մի քանի փաստ 

Թերթում ենք վերջին օրերի լրահոսը ու կարդում ենք մի քանի տեղեկատվություն: Օրինակ. «...Գողացել են ոստիկանության բաժնում կայանված պարեկային ծառայության ավտոմեքենաների համարանիշերը» կամ  «դեկտեմբերի 15-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք, դեմքի շրջանի վնասվածք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 3 քաղաքացի»:
Նման լուրերը դարձել են օրինաչափություն և վկայում են համակարգի ոչ պատշաճ կառավարման մասին: 

Երկիշխանությո՞ւն 

Վերջին օրերին ԶԼՄ-ներում ակտիվ լուրեր են շրջանառվում, թե իբրև անհաղթահարելի հակասություններ են առաջացել նախարար Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Արփինե Սարգսյանի միջև, ով վայելում է, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության կամ Սորոսի հիմնադրամից սնվող կառույցների աջակցությունը:
Սա լրացուցիչ ապացույց է այն բանի, որ Ղազարյանը հավուր պատշաճի չի վերահսկում նախարարության աշխատանքները:

Վահրամ Բագրատյան