Ում մեքենայով էր վրաերթը, Արցախում անցանկալի զարգացումնե՞ր են սպասվում․ Մամուլը՝ սուրճով

Ում մեքենայով էր վրաերթը, Արցախում անցանկալի զարգացումնե՞ր են սպասվում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը վթարից րոպեներ հետո հայտնվեց Բաղրամյան պողոտայում: Իսկ ո՞վ է նա:

Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների ծնողները փակել էին Պռոշյան- Բաղրամյան պողոտան, եւ այդ խառնաշփոթ իրավիճակում «Մայբախ» մակնիշի մեքենան վթարի ենթարկեց պարեկին: Մենք պարզեցինք որ 01PO 011 համարանիշով, «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, սակայն ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը:

Նկատենք, որ դեպքից րոպեներ հետո մի խումբ անձանց հետ դեպքի վայր եկավ հենց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր եւ խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը, զրուցեց ոստիկանների հետ ու գնաց:
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2 տարի առաջ Վահե Պետրոսյանը աչքի ընկավ իր հայտարարություններով՝ եկամտահարկի վերադարձի օրենքի նախագծի շուրջ: Նա հայտարարել էր, որ սա ցնցում կառաջացնի շուկայում:
«Եթե եկամտահարկի վերադարձի օրենքի նախագիծն այդ տեսքով ընդունվի, 2 տարի հետո՝ 2024 թվականից սկսած, քաղաքաշինական ծրագրերի տեմպերն էական՝ 70-80 տոկոսով անկում կունենան:

Ըստ նրա՝ դրա հետեւանքները կլինեն արտագնա աշխատանքի գնացող հազարավոր մարդիկ, շինարարական արտադրանքի արտադրությունների դադարեցումը եւ այլն: Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել եկամտային հարկի վերադարձի ծրագրում՝ պատճառաբանելով, որ այդ ծրագիրը բյուջեի համար ծանր բեռ է դարձել:

Ըստ շրջանառվող նախագծի, որն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից եւ դեռեւս պետք է քննարկվի Ազգային ժողովում, առաջարկվում է ծրագիրը Երեւանում աստիճանաբար դադարեցնել մինչեւ 2025 թվականը եւ թողնել միայն մարզերում:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թերթի տեղեկություններով, իշխանությունները Ալավերդիում նախատեսում են «Ախուրյան 2» օպերացիա իրականացնել և ամեն ինչ անել՝ համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու նպատակով։ Օրերս հայտնի դարձավ, որ ՔՊ ավագանու խմբակցությունն ամեն ինչ արել է, որպեսզի «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու մեկ անդամ դուրս գա խմբակցությունից, ինչից հետո Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու վերջին 3 նիստերն ուղղակի տեղի չեն ունենում՝ իրականացվող բոյկոտի պատճառով։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները մտադիր են նույն ոճով շարունակել և գործող համայնքապետի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Մենք տեղեկություններ ունենք նաև, որ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած ավագանու անդամին իշխանությունները տարբեր խոստումներ են տվել, ընդհուպ՝ խոստացել են՝ իրենց աջակցելու դեպքում վերջինիս նշանակել Ալավերդու ԲԿ-ի տնօրեն։ Թերթի աղբյուրը փոխանցում է նաև, որ օրերս Ալավերդու համայնքապետարանում Լոռու փոխմարզպետն, առանց որևէ տողատակի, համայնքապետ Թամազյանից պահանջել է հրաժարական տալ և հեռանալ։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունն ունեն ավագանու 13-ական մանդատ:

«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները ընտրություններից հետո համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ տեղեկացնելով Ալավերդի համայնքում համագործակցության մասին: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին այս երկու կուսակցությունները, առանց «Քաղաքացիական պայմանագրի» անդամների, համայնքի ղեկավար ընտրեցին «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանին»:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել՝ «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ անելու նպատակով։ ՀՀ օրինակով որոշել են ռազմական դրության ժամանակ Արցախի տարածքում ինտերնետ կայքերի, սոցցանցերի գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում իրականացնել։ Նաեւ հեռուստատեսության, համացանցի եւ ռադիոյի միջոցով տարածվող նյութերի բովանդակության սահմանափակում։

Առաջարկվում է նաեւ քաղաքացիների անշարժ գույքի տնօրինում, եթե նրանք բացակայում են Արցախից։ Ինչպես նաեւ՝ ընտրովի մարմինների՝ ՀՌԱՀ-ի, ՀԾԿՀ-ի ղեկավարների նշանակում նախագահի կողմից։ Արցախում կասկածներ ունեն, որ առաջիկայում անցանկալի զարգացումներ են սպասվում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թվականի հունվարից հունիս ամիսները ընկած ժամանակահատվածում «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ փոխանցել է 359 մլն 191 հազար դրամ:

Նախորդ տարի՝ 2022 թվականին, դրամաշնորհային ծրագրով «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին նույն ծրագրով փոխանցել են 565 մլն 390 հազար դրամ: Կառավարության որոշումներով նման միլիոններ ուղղում են ազգային պարկերին, որոնց արդյունավետությունը նկատելի չէ: Օրեր առաջ ArmLur.am-ը անդրադարձել էր «Սեւան» ազգային պարկի տարածքում ծառերի վիճակին. դրանք պատված էին թրթուռներով եւ վարակված էին, ծառերը կանգնած են ոչնչացման վտանգի առաջ: Այդ իրավիճակում անհասկանալի է, թե ինչի համար են բյուջեից անարդյունք մսխվող ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայում:

Իսկ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Շրջակա միջավայրի նախարարությունը վերջին երկու տարվա ընթացքում փոխանցել է 330 մլն 892 հազար դրամ է հատկացրել անվերադարձ: Թվում էր, թե այսպիսի գումարներից հետո բարեկարգ վիճակի ականատես պետք է լինենք, բայց փոխարենը հաճախ ազգային պարկում ականատես ենք լինում կերուխումից հետո թողած թափոնների, նշված տարածքում հանգստյան գոտիների կառուցման, ծառահատումների:

Այսինքն՝ նախարարությունը կարեւորն անկարեւորից չի տարանջատում, եւ գումարները, որ պետք է ծառայեն՝ ի նպաստ բնության, հօդս են ցնդում: