Կարիճների մեջ, մեռելների հոտով շրջապատված հաստատ լավ պայմաններ չեն, բայց մեր տունն ա. սիլիկյանցի

Կարիճների մեջ, մեռելների հոտով շրջապատված հաստատ լավ պայմաններ չեն, բայց մեր տունն ա. սիլիկյանցի

Երեկ MediaHub-ը ուղիղ եթերով ներկայացնում էր իրավիճակը Սիլիկյան թաղամասում, որտեղ ապօրինի թվով 21 շինություն է քանդման ենթակա: Տեղի էր ունեցել բախում քաղաքացիների և իրավապահների միջև, ինչից հետո բերման է ենթարկվել 12 քաղաքացի։ 

Այսօր բնակիչներից մեկը MediaHub-ի հետ զրույցում ներկայացրեց այնտեղ այս պահին տիրող իրավիճակը։   

«Վիճակն այս պահին անտանելի վատ է, մենք բոլորս գիտենք, որ այս հողերը կարգավիճակ չունեն, բոլորս վարկով տուն ենք սարքել, դոշակի տակ պահած փող չունենք, ոչ էլ պապենական եկած տներ Հյուսիսային պողոտայում։ Օձերի, կարիճների մեջ, գերեզմանների, մեռելների հոտով շրջապատված հաստատ լավ պայմաններում չէ, որ ապրում էինք, պարզապես ուզեցել ենք ինչ-որ մի բան ստեղծենք, որ վարձով չապրենք, վարձի գներից էլ բոլորս քաջատեղյակ ենք»,- նշեց քաղաքացին։ 

Նրա խոսքով, կարմիր բերետավորներն այնքան են ծեծել մի երիտասարդի, ով պարզապես ցանկանում էր իր տունը պաշտպանել։ Նա տեղեկացրեց, որ այս պահին երիտասարդը գտնվում է հիվանդանոցում, «արնաքամ եղած, ծեծված ու շատ վատ վիճակում»։ 

«Ուզեցել եմ իմ երեխաների համար մի անկյուն ստեղծեմ, տղա երեխայիս պահեմ, մեծացնեմ, որ գնա հայրենիքի սահմանը պաշտպանելու... հայրենիքի սահմանները սկսվում են ամեն մեկի տնից, եթե այսօր, այս երկրում իմ երեխան չունի տուն՝ ուրեմն չունի՞  հայրենիք պաշտպանելու, հա՞»,- հարցադրում է անում քանդվող տան բնակիչը։  

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պատասխան են ստացել իրենք Երևանի քաղաքապետարանից, քաղաքացին նշեց, որ քաղապետարան բազմիցս զանգահարել են և իրենց հայտնել են, որ ինֆորմացիա չեն կարող տրամադրել, այդ իրավունքը չունեն և այդքան ժամանակ չունեն քաղաքացիների հարցերին պատասխանելու։ Բնակիչների բանավոր պահանջը եղել է նրանում, որ համաձայն են թողնել սարքածը, այնքան, ինչքան կա և գումարի դիմաց սեփականաշնորհել հողը, միայն հողի կարգավիճակը փոխեն և X գումարի դիմաց իրենք պատրաստ կլինեն վճարել, սակայն պատասխանը կրկին բացասական է եղել։ 

«Ես իմ 3 ամսական երեխային գրկած այսօր ճանապարհ եմ փակել, երեխային բրդելով, օդերով փոխանցել եմ այն կողմ, որովհետև կարմիրբերետավորները իմ երեխային արդեն գցում էին ոտքերի տակ»,- նշեց քաղաքացին։  

Շարունակելով իր խոսքը, նա ասաց, որ երեկ քաղաքապետարանի հետ կրկին փորձում էին կապ հաստատել և իմանալ, թե ո՞ւր է քանդման մասին գրավոր ծանուցումը ուղարկվելու, ինչից հետո քաղաքապետարանի աշխատակիցը պատասխանել է, թե թող դիմեն Վարդան Ղուկասյանին։  

«Ամբողջ օրը մենք վազում էինք քաղաքապետարանի աշխատակիցների հետևից և միայն երեկոյան մեզ բացել են և ինչ-որ օնլայն ձևաչափով քաղաքապետի որոշում են ցույց տվել։ Վստահ ենք, որ էս տարածքի հետ ինչ-որ պլաններ ունեն, այլ բան այս պահին մեր մտքով չի անցնում»,- հավելեց քաղաքացին։

Մարիա Զարգարյան