Արտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանի թունելից մինչև Տաշիր

Արտակարգ իրավիճակ՝ Ստեփանավանի թունելից մինչև Տաշիր

3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի վարչական տարածքում։

Վանաձորից մինչև Ստեփանավանի թունել ճանապարհը սպասարկող ճանշինականները մաքրել են, ու երթեկությունը անցանելի է, ապա Ստեփանավանի թունելից Տաշիր տանող ճանապարհի մոտ 20 կմ-անոց ճանապարհահատված ամբողջովին պատված է մերկասառույցով, ու 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում շարժվեն։ 

Քաղաքացիները իրենց զայրույթն էին արտահայտում ու ասում էին. «Արդեն 4-5 օր է, բարձիթողի վիճակում է այս ճանապարհը. ում ահազանգել ենք, ոչ մի օգուտ։ Մի հատ էլ մեզ են մեղադրում, թե ձեզ ո՞վ է ասել, որ էդ ճանապարհով երթևեկեք։ Նման հիմար պատասխան չէինք սպասում։ Եթե ճանապարհը սպասարկող ընկերությունը ժամանակին կատարեր աշխատանքներ՝ ձնահեռացման ու ճանապարհը մերկասառույցից մաքրելու, ասել է, թե՝ աղ ու ավազ լցնեին, վստահ ենք՝ ճանապարհը կդառնար անցանելի։ Իսկ հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։ Բա ո՞ւր են տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը, ճանապարհային դեպարտամենտի, Լոռու մարզպետարանի չինովնիկները։ Թողնես՝ միայն ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, գնան, մի 2-3 բարվոք ճանապարհներին նկարվեն, գցեն ֆեյսբուք, անունն էլ գրեն, թե գործ են արել։ Այ հիմա էստեղ պետք է լինեին էդ պաշտոնյաներն ու իրենց աչքով տեսնեին, թե ինչ բարձիթողի վիճակ է։ 

Այս 4 օրերի ընթացքում մեզ միայն արտակարգ իրավիճակների նախարարության Ստեփանավանի ու Կիրովականի հրշեջ-փրկարարներն ու ոստիկաններն են օգնության ձեռք մեկնել։ Մեզ հետ հավասար ԳԱԻ տղերքը բահերով ճանապարհի սառույցն էին կոտրում։ Միակ սփոփանքը նա է, որ էս ամենի հետևանքով տուժածներ չկան։ Բայց գոնե հիմա կառավարությունը հետևություններ անի»։