Արթուր Ոսկանյանը՝ Մխիթարյանի հեռանալու մասին

Արթուր Ոսկանյանը՝  Մխիթարյանի հեռանալու մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի որոշումը ընտրանու կազմում կարիերան ավարտելու մասին ցույց է տալիս, որ հայ կիսապաշտպանը ընտրանուց հեռանում է փառքի գագաթնակետին հասած:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան, Հայաստանի Մ19 և Մ21 տարեկանների ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

«Հենրիխի նման ֆուտբոլիստները, ովքեր աշխարհում մեծ ճանաչում ունեն, հեղինակություն են, օրինակ են երիտասարդ ֆուտբոլիստների համար: Այն ժամանակ, երբ ես էի խաղում հավաքականում, ինձ համար էլ օրինակ էին արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստները: Երիտասարդ ֆուտբոլիստները միշտ էլ սովորում են իրենցից տարիքով մեծ ֆուտբոլիստներից` Հենրիխն այդպիսի օրինակ էր հավաքականում»,-ասաց Ոսկանյանը:

Վերջինս շեշտեց նաև, որ  Մխիթարյանն օրինակելի էր ոչ միայն խաղադաշտում, այլ նաև իր ապրելակերպով:

«Հիմա հասել է այդ պահը, գուցե ինքն էլ է գիտակցում, որ ժամանակն է: Հավաքականում Մխիթարյանի դիրքում, նոր երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ կան: Մխիթարյանը որոշեց փառքով, բարձր մակարդակի վրա ավարտել կարիերան հավաքականում: Սակայն, սա բոլորիս համար մեծ կորուստ է»,-ասաց Ոսկանյանը: