Ի՞նչ են ասել Արցախի նախկին նախագահները փակ նիստի ընթացքում․ մանրամասներ 

Ի՞նչ են ասել Արցախի նախկին նախագահները փակ նիստի ընթացքում․ մանրամասներ 

Սովն ու ցեղասպանվելու վտանգը մի, արցախցիների՝ ամեն պահի առևանգումն ու Բաքվի բանտեր տեղափոխվելը՝ մյուս, ներքաղաքական խաղերն էլ երրորդ կողմից սկսել են խեղդել արցախցուն։ Թերևս այլևս շնչել չկարողանալն է պատճառը, որ երեկ գիշեր հազարավոր արցախցիներ փողոցում էին, պահանջում էին, որ ԱԺ-ում գտնվող Արայիկ Հարությունյանը դուրս գա ու պատասխանի իրենց, որևէ հուսադրող բառ ասի․․․

Երկար պայքարից հետո պահանջը կատարվել էր․ Հարությունյանը դուրս էր եկել ու հայտարարել, որ առաջիկա օրերին, եթե պետք է, հրաժարական կտա, որ ինքը գիտակցում է՝ ինչ անելանելի է վիճակը և որ ամենակարևորն է՝ ինքը դեմ է Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրմանն ու Աղդամով ճանապարհի բացմանը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել ԱԺ պատերի ներսում։ Շուրջ վեց ժամ տևած քննարկումն ի՞նչ արդյունքներ է տվել և ի՞նչ դեր է ունեցել Արցախի նախկին նախագահների ներկայությունն այդ գործընթացին։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub.am-ը զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ 

- Տիկին Հակոբյան, ԱԺ պատերից ներս ի՞նչ էր կատարվում, ի՞նչ քննարկումներ եղան ու, ի վերջո, որևէ լուծում առաջարկվե՞ց։ 

- Ոչինչ չորոշվեց։ Այդ ձևաչափով չէր կարող որոշում կայացվել։ Ուղղակի բոլորը հնարավորություն ունեցան իրենց դիրքորոշումն ու կարծիքներն արտահայտելու։ Վերջում ուղղակի ամփոփում ունեցանք, որ վերջնական որոշումն Արցախի իշխանություններինն է։ 

- Արայիկ Հարությունյանը դրսում ասել էր, որ եթե պետք է՝ հրաժարական կտա:

- Նման քննարկում ներսում չի եղել։ Իսկ եթե դրսում էլ ասել է, ապա ես չեմ լսել։ Հազարավոր մարդիկ էին հավաքվել, աղմուկը շատ էր, և հնարավոր չէր լսել՝ ինչ է ինքն ասում։ Մենք շենքից դուրս գալու հնարավորություն չունեինք։ Բայց ներսում նման հարց չի քննարկվել։ Տարբեր լուծումներ են եղել, և առաջարկներից մեկն այն էր, որ ինքը պետք է հրաժարական տա։ Այդ առաջարկը Հարությունյանն իր մոտ արձանագրել է։ Թե հետո ինչ կանի, չեմ կարող ասել։ 

- Տիկին Հակոբյան, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունն այդ ամենին ի՞նչ դեր ունեցավ։ 

- Շատ մեծ է այն դերը, որ երեկ իրենք ունեցան, որովհետև ընդհանուր առմամբ ընկճված վիճակ էր Արայիկ Հարությունյանի խոսքից հետո, սակայն շատ բան փոխվեց, երբ խոսեցին նախկին նախագահները։ Նրանք փաստեցին այն նույն տեսակետը, ինչ մեր կուսակցության նախագահն էր ասում, ասինքն՝ այս պայքարը փակելու իրավունք ոչ ոք չունի։ Ո՛չ Արցախի նախագահը կարող է արցախցուն պայքարից հետ պահել, ոչ՝ ԱԺ-ն։ Բացի այդ, հստակ ասվեց, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդը չէ, ու նրա որոշումը հայ ժողովրդինը չէ։ Ասվեց, որ պիտի մենք որոշենք, ու պիտի որոշենք ոչ պարտվողական կեցվածքով։ Չնայած, որ իրոք Արցախում այսօր մարդիկ սոված են։ Արժանապատիվ ելքեր գտնելու տարբերակ կա, ու մենք պիտի դա անենք։ Մենք պետք է Արցախն ու հայկականությունը պահենք։ Այժմ 120 հազար արցախցի հանուն հայկականության պայքար է տանում, ընդ որում՝ մենակ։ 

Արդար չէ, մենք մենակ ենք ցեղասպանության, լինել-չլինելու հարցի առաջ։ Երկու նախագահների միտքը հիմնականում սա էր, ինչը բավականին արդյունավետ էր։ Շատերը, որ այլևս ելք չէին տեսնում, նրանց խոսքից հետո այլ կերպ սկսեցին նայել իրավիճակին։ 

- Դուք ասացիք, որ Արայիկ Հարությունյանի խոսքն ընկճել էր բոլորին։ Ի՞նչ էր ասել նա։ 

- Շատ ծանր էր ներկայացնում վիճակը։ Եվ բառերից չէինք ազդվել, այլ ընդհանուր, նրա պարտվողական կեցվածքից։ Ի վերջո, իր կերպարը անընդհատ պարտվողի կերպար է, դեկտեմբերի 12-ից էլ՝ զիջողի։ Դա այլևս չի ընկալվում, չի ընդունվում, քանի որ մի կողմում պայքարող ժողովուրդն է, մյուս կողմում՝ անընդհատ զիջող նախագահը։ 

- Բայց Հարությունյանը նաև նշել էր, որ դեմ է ինտեգրմանը, Աղդամի ճանապարհի բացմանը։ 

- Ես նման հայտարարություն ևս չեմ լսել։ Նման քննարկում ներսում չի եղել։ Մենք ի սկզբանե մեր ելույթներում բացառել ենք դա։ Որպես հնարավոր տարբերակ մենք դա չենք դիտարկել։ Այսինքն՝ այդ հարցը մեզ համար փակ է։ 

Նարե Գնունի