Արայիկը երազում է հրաժարականի մասին, մենք համաձայն չենք․ Բալասանյան

Վերածննդի հրապարակում ամենակարևոր հարցը, որ քննարկել ենք Արայիկ Հարությունյանի հետ այն է եղել, որ տառացիրորեն պետք է մոռանանք ինտեգրման մասին, Հարությունյանն էլ ասաց, որ ո՛չ ինտեգրում է լինելու, ո՛չ էլ հայաթափում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման նախաձեռնող անդամ Վրեժ Բալասանյանը։
«Իր ասելով՝ ամեն ինչ լավ է լինելու, բայց այնքան է խաբել, որ իր կեղծ սրտացավությանը չենք հավատում։ Այս անգամ բոլոր ուժերը հավաքվել են. իրար հետ որոշում կայացրել, դրա համար էլ դուրս եկավ ու հայտարարություն արեց»,-ասաց նա։
Հարությունյանը երեկ նաև խոսել էր իր հավանական հրաժարականի մասին, հարցին՝ արդյո՞ք արցախցիները հավատում են դրան, Բալասանյանը պատասխանեց․
«Ինքը երազում է հրաժարականի մասին, որ մի օր առաջ հրաժարական տա ու էս ամենից պրծնի, բայց էդ իր անելով չի, մենք համաձայն չենք, որ հրաժարական տա, բերի, հասցնի էս իրավիճակին ու ամեն ինչ իր ուսերից իջացնի, գնա։ Ոնց հասցրել է այս վիճակին, թող այդպես էլ հանի։ Բոլոր ուժերը միացել են, տարբերակ չունի խուսափելու»,-նշեց Բալասանյանը։
Վերջինիս խոսքով՝ իրենք շարունակում են հնարավոր ելքերի քննարկումները, որպեսզի ճանապարհը բացվի։
Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում արցախցիները հինգ ժամից ավելի սպասել են Ազգային ժողովում ընթացող ընդլայնված խորհրդակցության ավարտին, որից հետո Արայիկ Հարությունյանը դուրս է եկել և զրուցել հավաքավածների հետ:
Վերջինս խոսել է իր հրաժարականի, երեկ առևանգված երեք երիտասարդների վերադարձի, հացի խնդրի և Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին։
Լիաննա Թորոսյան