Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանն «ազարտի է ընկել». եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը բռնող չկա

Blog Image

Փաշինյանական արշավանքները Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ նոր թափ են հավաքել. հոգևոր հայրերի վերաբերյալ անթույլատրելի բառապաշարով արտահայտվելը, անհեթեթ պատճառաբանություններով նրանց ազատությունից զրկելը թվում էին, թե կլինեն Նիկոլ Փաշինյանի ու իրեն ենթակա իրավական համակարգի կարմիր գիծը, դրանից այն կողմ էլ չեն անցնի..., գոնե մի կաթիլ բարոյականություն կունենան։

Բայց չէ, ախորժակն ուտելիս է բացվում, ու այս թիմն էլ, որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի է ցինիկանում, սկսում հատել նոր կարմիր գծեր։ Մեկ է, ձեռքը բռնող չկա։

Գյումրիում երեկ տեղի ունեցածը եկեղեցու պարզ օկուպացիա էր։ Եթե մեկ կամ երկու տարի առաջ որևէ մեկն ասեր, թե հնարավոր կլինի որևէ թեմում նման իրավիճակ ստեղծել, որ Փաշինյանի քմահաճույքը բավարարելու համար կարող է ուրիշ թեմից բերված հոգևորականը պատարագ մատուցի, կմտածեինք, թե դա ուղղակի զառանցանք է, ինչ-որ մեկի վառ երևակայության արդյունք։ 

Բայց հիմա, փաստորեն, ցանկացած բան հնարավոր է դարձել, անգամ այն, որ Փաշինյանն է որոշում՝ ով իրեն պատարագ մատուցի ու ինչ տեքստով։ «Հայկական ժամանակի» նախկին խմբագիրն հիմա պատարագն է խմբագրում, թող ների Աստված, բայց մի օր էլ, այսպես սահուն ու հուշիկ քայլերով նա մոտենալու է Աստվածաշնչին։ Այո՛, հիմա այս միտքն էլ է խիստ տարօրինակ թվում, բայց դե Նիկոլի Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է, ինչպես, օրինակ այն, որ Փաշինյանի որոշմամբ՝ պատարագներից առաջ ՀՀ օրհներգը կհնչի, իսկ եկեղեցիներում կծածանվի Հայաստանի դրոշը։ Ու ընդհանրապես կապ չունի, որ ըստ Սահմանադրության, պետությունն ու եկեղեցին իրարից անջատ են, որ պետությունն իրավունք չունի եկեղեցու գործերին միջամտելու, որ պետության ղեկավարն իրավունք չունի եկեղեցուն հրահանգներ իջեցնելու։ Այս ամենը կապ չունի. Փաշինյանն ուզում է, ուրեմն կլինի։ Թե ինչ գնով, քանի հոգևորականի ազատության հաշվին, այլևս էական չէ. կաևորը երկրի առաջին դեմքի ցանկություններն են։ Այս պահին Կառավարության ղեկավարը նման է խաղամոլի, որն ուղղակի «ազարտի» է ընկել, ուզում է հասկանալ՝ մինչև ուր կարող է հասնել, եկեղեցին քանդելու նպատակին տանող ճանապարհին էլ ինչ անհնարին թվացող բան կա, որ ինքը կարող է դարձնել «հնարավոր»։ 

Ու որքան էլ ցավալի է, Փաշինյանն այս դեպքում էլ, ամենայն հավանականությամբ, կհաջողի, քանի որ ձեռքը բռնող չունի։ Իհարկե, շատ-շատ են մարդիկ, որոնք պատրաստ են կանգնել Հայ առաքելական եկեղեցու կողքին, պատրաստ են պայքարել, բայց չգիտեն՝ ինչպես։ Չկա մի առաջնորդ, որն ուղղակի քաղաքացիներին կմղի պայքարի, կտանի իր հետևից, կառաջնորդի մարդկանց, կհամակարգի գործողությունները։ Պարզ տրամաբանությամբ՝ այդ դերը պետք է ստանձներ ընդդիմությունը, բայց փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանականներն ամբիոնից պայքարելու տարբերակին են տիրապետում։

Հանուն արդարության նշենք, որ նախկինում եղած բողոքի ակցիաների ընթացքում մի շարք ընդդիմադիրներ առաջին շարքերում էին, իսկ հիմա, թվում է՝ նրանք էլ են համակերպվել այս վիճակին, գուցե հոգնել են։ Տարբերկ է նաև այն, որ նրանց աչքն էլ են վախեցրել, դե ազատությունը թանկ բան է։ Ընդդիմության այս պասիվության պատճառը, հնարավոր է նաև, որ լրիվ այլ է, բայց դա ընդհանրապես չի փոխում պատկերը. այս պահին էականն այն է, որ Փաշինյանը կանգ չի առնելու։ «Ազարտնիկի» նման գնալու է մինչև վերջ՝ կա՛մ հաղթողի ու եկեղեցին իր ուզած ձևով քանդողի դերում, կա՛մ՝ պարտվողի։ Երկրորդը կլինի, եթե ընդդիմությունը մի կողմ դնի ցանկացած տարաձայնություն ու ստանձնի պայքարը համակարգողի ու առաջ տանողի դերը։

Նարե Գնունի

Send