Ինչքան երկարում է աշխատանքը, այդքան փլատակների տակ մնացածների ողջ մնալու շանսը մոտենում է զրոյին

13:30-ի դրությամբ ունենք վեց զոհ, տասը տուժած։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Բագրատ Վարդազարյանը։

Հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ փլատակների տակից ողջ մարդիկ կգտնվեն, գնդապետ Վարդազարյանը պատասխանեց՝ ասելով, որ ինչքան ժամանակը երկարեց, այդքան ողջ մնալու հավանականությունը զրոյանալու է։

«Փրկարարական աշխատանքները չեն դանդաղում, պետք է նախ ռիսկերը վերացնենք, նոր սկսենք սարքերով գործել։ Հիմա շինության փլուզման վտանգ կա, բացի այդ, տրակտորով աշխատելիս հնարավոր է դիերը վնասենք»,- նշեց նա։

Այս պահին 150 փրկարար է աշխատում տարածքում, 102 հոգի Կարմիր Խաչից է եկել, 15 կամավոր էլ եկել է ՈՄԱ-ից։