Մինչ Փաշինյանը «բլա-բլա» է անում, Ալիևը սպառազինություն ձեռք բերելու խոշորագույն՝ $1.6 մլրդի գործարքը կնքեց

Մինչ Փաշինյանը «բլա-բլա» է անում, Ալիևը սպառազինություն ձեռք բերելու խոշորագույն՝ $1.6 մլրդի գործարքը կնքեց

2021 թվականին միջազգային լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանը քննարկում է Պակիստանից չորրոդ սերնդի JF-17 Thunder Block-III կործանիչների ձեռքբերման հարցը: Այս կործանիչները հայտնի են նրանով, որ հագեցած են ռադիոլոկացիոն արդիականացված համակարգով և վերջին սերնդի սպառազինությամբ:  

Այս գործարքն այն ժամանակ որակեցին Ադրբեջանի և Պակիստանի ռազմական ոլորտի երկկողմ օրակարգի առանցքային հարց:

Ադրբեջանական և պակիստանյան մամուլն այսօր ակտիվ տարածում է, որ երկրները  կնքել են այդ գործարքը: Ավելին՝ առկա տեղեկատվության համաձայն, այն խոշորագույն գործարք կարելի է որակել, քանզի Բաքուն Իսլամաբադին կվճարի 1,6 մլրդ դոլար  JF-17 Block III կործանիչների համար:

Ադրբեջանը, հիշեցնենք, ՀՀ-ից պահանջում է չզինվե՛լ և բանակ չունենա՛լ։

Այստեղ հարկ է հիշել Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների տարբերությունները: Օրինակ, թշնամի երկրի նախագահը առիթը բաց չի թողնում կրկնելու, որ եթե Հայաստանն այնպիսի սպառազինություն ձեռք բերի, որը վտանգ կպարունակի Ադրբեջանի համար, ապա իրենք կանխարգելիչ հարված կհասցնեն և կոչնչացնեն բոլոր վտանգները:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցը, Մակրոնի «անվտանգության անձրևանոցի» տակ մտնելու նկրտումները աչքի տակ ունենալով հիշեցնենք նույն այդ Փաշինյանի «կառուցողական» գործընկեր Ալիևի մեկ այլ հայտարարություն այն մասին, թե «Ֆրանսիայից ձեռք բերված Բաստիոն համակարգերը «կանսերվայի բանկաներ» են: 

Իսկ ահա Փաշինյանը, ինչպես կասեն ռուսները, միշտ «мягкий знак» է դնում նման սպառնալիքներով լի հռետորաբանությանը: Ուշագրավ դրվագ հիշեցնենք. նոյեմբերին «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողով»-ի շրջանակում «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկմանը Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ-Ֆրանսիա համագործակցությանը նշել էր, որ «յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր և այլն»։ Նրան ուղղել էր քննարկումը վարող մոդերատորը, ասելով՝  «յուրաքանչյուր երկիր ունի իրեն ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ իրավունք»։ Ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր. «Այո, ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք»։ Թերևս միայն այս մեկ դրվագը ցույց է տալիս, թե որքան մատների արանքով է Հայաստանի պաշտպանությանը նայում երկրի դե ֆակտո վարչապետ՝ այն դեպքում, երբ հարևանները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, չեն էլ թաքցնում իրենց թշնամանքը ու տարածքային նկրտումները մեր նկատմամբ:  

Հունվարի վերջ Փաշինյանը հանդես եկավ մի հայտարարությամբ. Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում։ Ավելորդ է հիշեցումը, թե ինչ քմծիծաղով ու արհամարհանքով այն ընդունվեց պաշտոնական Բաքվի կողմից:

Շատ չանցած, կառավարության վերջին նիստում էլ , օրինակ, հայտարարեց, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը ՀՀ բանակի բարեփոխումների և ՀՀ–ից կողմից սպառազինություն ու տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ, մինչդեռ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է։

«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և սեփական տարածքից դուրս նպատակներ չունի»,- ասաց նա։

Հայտարարությունների «պինգ-պոնգը», անշուշտ, շարունակական է լինելու: Բայց կարևորն ու առանցքայինն այստեղ այն է, որ  Փաշինյանի վարած քաղաքականությունը «բլա-բլա» է, իսկ Ալիևի խոսքը՝ գործ:

Լիա Խոջոյան