Վրաստանը վեկտոր կփոխի՞, և ի՞նչ քաղաքականություն կվարի նոր վարչապետը

Վրաստանը վեկտոր կփոխի՞, և ի՞նչ քաղաքականություն կվարի նոր վարչապետը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է հրաման՝ Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին, որից հետո նա պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ:

Արդյո՞ք նոր վարչապետը կփոխի վեկտորը, մասնավորապես, Հայաստանի հետ կապված։ Այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։ 

«Մենք այստեղ գործ ունենք այն հարցի հետ, որ իշխանությունը չի փոխվում Վրաստանում, այլ վարչապետն է փոխվում, իշխող կուսակցությունը 12 տարի իշխանության է, և հիմնական դրույթները արտաքին քաղաքականության, որոնք 12 տարի առաջ կային, առայսօր աշխատում են։ Որևէ կտրուկ փոփոծություն չի լինելու։ Կառավարությունը գրեթե անփոխ է և Արտգործ նախարարը մնում է և նույն ձև շարունակելու է աշխատանքը։ Միգուցե հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված որոշ պատրաստակամություն կպահպանեն և ինչ-որ քայլեր կարվեն»,- ասաց Մելիքյանը։ 

Ըստ վրացագետի՝ բարդ շրջան է հայ-ադրբեջանական բանակցության պրոցեսում, եթե պահանջարկ լինի, Վրաստանը այս ուղղությամբ իր առաջարկները ակտուալ կպահի և կփորձի հարթակ տրամադրել կամ միջնորդական առաքելությամբ հանդես գալ։

«Ընդհանուր նույն քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին ավելի ներքաղաքական է լինելու իրենց մոտ՝ արտաքին քաղաքականության որոշ էլեմենտներում շարունակելով աշխատանքը»,- ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնի համար ներկայացվել էր իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից, որը ղեկավարում էր մինչև նշանակումը։

Իսկ երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել և այժմ գլխավորում է իշխող կուսակցությունը։ Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 10 դեմ ձայներով վստահության քվե էր հայտնել Իրակլի Կոբախիձեին, նրա առաջարկած կառավարության կազմին և կառավարության՝ «Եվրոպական պետության կառուցման համար» ծրագրին։ 

Մարիաննա Արամյան