Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ի՞նչն է ծաղկի արտահանման շուկայում կոլապսի պատճառը․ ո՞վ է պատասխանատու

Blog Image

Ծաղկի արտահանման շուկայում ստեղծված կոլապսը կարգավորվելու փոխարեն վիճակն ավելի է վատթարանում։

Մեկ ամսից ավել ստեղծված իրավիճակը հասցրել է միլիոնների վնասներ հասցնել տնտեսվարողներին։

Mediahub-ի հետ զրույցում տնտեսվարողներից մեկն ասաց, որ այսքան ժամանակ անց դեռ փոփոխություն չկա, վիճակը շարունակում է անորոշ մնալ, իսկ կրած վնասների գումարի չափն օր օրի ավելանում է։

Mediahub-ը ամիսից ավել ձգվող իրավիճակի մասին զրուցեց ԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի հետ, ով էլ ասաց․

«Մեզ մոտ ծաղիկ աճեցնելու կուլտուրան ընդլայնվել է, բավականին մեծ տարածքներով, հեկտարներով ծաղկի ջերմոցներ կան, ու դրանք ամբողջությամբ պետք է ստուգվեն՝ ըստ ռուսական կողմի պահանջի և նաև մեր ապահովության համար, որ հասկանանք՝ որտեղ և ինչ խնդիրներ կան։ Գործընթացը բարդ է, ժամանակատար, մեծ ջանքեր պահանջող, բայց մեկնարկը տրված է։ Ռուսական կողմը շարունակում է մասնակցել տեսազանգի ձևաչափով, բայց սպասվում է ռուս մասնագետների այց ՀՀ։ Մենք ստուգումներն անում ենք, ցուցումներ տալիս՝ որտեղ և ինչ է պետք ուղղել․ նախևառաջ դրանք կապված են ծաղկի որակի և անվտանգության հետ, կարանտին վնասատու օրգանիզմներ չպետք է լինեն։ Եթե դրանք լինեն, ռուսական կողմը հերթական անգամ կարգելի ներմուծումը»։

Նրա խոսքով՝ տնտեսվարողները շատ պատրաստակամ են, խնդիրը հայտնաբերվելու դեպքում ցուցումներին համապատասխան արագ քայլեր են ձեռնարկում։ Սկզբում ծաղկավաճառների բողոքի ակցիաների պատճառն այն էր, որ արտահանում չէին կարողանում անել և լիովին չէին հասկանում պատճառները։ ՍԱՏՄ-ն բացատրել է, թե որն է խնդիրը, տնտեսվարողներն էլ ընդունել են դա։

Անուշ Հարությունյանը նշեց՝ այնպես չէ, որ միայն Ռուսաստանն է նման պահանջ դնում, Հայաստանը նույնպես։ Մեր երկիր մտնող ապրանքները ևս ստուգվում են։ Չի կարող հիվանդությամբ ինչ-որ տեղից որևէ ապրանք գալ, թեկուզ՝ ծաղիկ, ու մենք թույլ տանք, որ երկիր մտնի։ Կարանտին վնասակար օրգանիզմը պետք է վերացնել, չպետք է թողնել, որ այն քո երկիր մտնի։

«Ուստի արտադրողը հասկանում է, որ առավելագույն իդեալական վիճակի պետք է բերել ծաղիկները և անում է դա։ Մենք ուղղակի չենք ասում՝ գնացեք, ոնց ուզում եք խնդիրը լուծեք, այլ իրենց կողքին կանգնած ենք և օգնում ենք։ Նույնիսկ եթե իրենք չեն կարողանում հայտնաբերել խնդիրը, մենք ենք հայտնաբերում, ցույց ենք տալիս լուծման ճանապարհն ու ուղիները, բնականաբար նաև պահանջում ենք, որ դրանք պահվեն։ Այս պահին էլ ջերմոցներում են մեր մասնագետները»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա, որի արդյունքում տնտեսվարողները չեն կարողանում արտահանել ծաղիկները։ ՍԱՏՄ-ից հայտնել են, թե առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով։

Էմմա Մարտիրոսյան

Send