ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ պաշտոնյայի հետ, նաև ելույթ է ունեցել

ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ պաշտոնյայի հետ, նաև ելույթ է ունեցել

Մայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրման հարցերին: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի ներգրավվածության կարևորությունը երկարատև կարիքների հասցեագրմանն ուղղված ընթացիկ ծրագրերում:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին և ընդգծելով այս հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև ելույթ է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը.

«Պարո՛ն նախագահ,

Հարգելի՛ պատվիրակներ,

Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։

Մենք հպարտ ենք այսօր այստեղ գտնվել ներկայացուցչական պատվիրակությամբ, ինչը վկայում է այս գործընթացին Հայաստանի ամուր հանձնառության մասին: Մեր պատվիրակության կազմում են Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարի տեղակալները, ինչպես նաև Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարությունների գործընկերները:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանը մեծապես կարևորում է Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացը՝ դիտարկելով այն ոչ միայն որպես միջազգային երկխոսության և համագործակցության հարթակ, այլև՝ ազգային ինքնադիտարկման, ինստիտուցիոնալ զարգացման և մարդու իրավունքների երկխոսության արդյունավետ գործիք: Այս գործընթացի գլխավոր առավելությունը  կայանում է իր ներառականության մեջ, քանի որ այն անցնում է  կառավարությունների սահմաններից դուրսը՝ ներգրավելով ազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակ: Այս ոգով Հայաստանը խթանել է մասնակցային մոտեցումներն իր Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանների ընթացքում՝ նպաստելով նաև գործընթացի ամրապնդմանը՝ որպես Համընդհանուր պարբերական դիտարկման բարեկամների խմբի անդամ: 2023թ. փետրվարին Հայաստանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման իր երրորդ կամավոր միջնաժամկետ զեկույցը:

Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ զեկույցը պատրաստվել է բոլոր շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ և անցել է հանրային քննարկման գործընթաց:

Առաջընթացը վերահսկելու և ինստիտուցիոնալ համակարգումն ապահովելու համար Հայաստանը ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծել է Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմ: Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող Ազգային մեխանիզմը ծառայում է որպես կենտրոնացված հարթակ՝ միջգերատեսչական համագործակցությունն արդյունավետ դարձնելու և Հայաստանի՝ միջազգային մարդու իրավունքների պարտավորությունների համակարգված իրականացումն ու հաշվետվողականությունն ապահովելու համար։

Մենք շարունակել ենք սերտորեն համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների համակարգի, այդ թվում՝ պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի հետ։

Պարո՛ն նախագահ,

2020թ. մեր վերջին դիտարկումից ի վեր, Հայաստանը բախվել է աննախադեպ մարտահրավերների, այդ թվում՝ համաշխարհային COVID-19 համավարակի, ռազմական բռնության, լայնածավալ տեղահանության և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական հարձակումների հետևանքների։ Սրանք խորապես ազդել են մեր բնակչության վրա՝ փորձության ենթարկելով Հայաստանի դիմադրողականությունը և ընդգծելով ամենախոցելի խմբերին պաշտպանելու համար համապարփակ աջակցության անհապաղ անհրաժեշտությունը։ Չնայած այս մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է մնացել իր բարեփոխումների օրակարգի առաջխաղացմանը՝ խարսխված ժողովրդավարության, մարդկային արժանապատվության և օրենքի գերակայության վրա։

Հայաստանի չորրորդ շրջանի զեկույցում ներկայացված է երրորդ շրջանի ընթացքում ստացված հանձնարարութունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Այն մանրամասն ներկայացնում է օրենսդրական, ինստիտուցիոնալ և քաղաքական միջոցառումները՝ կառուցված մի շարք թեմատիկ խմբերի շուրջ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է բարեփոխումների հիմնական ոլորտները։

Միջազգային պարտավորություններն ամրապնդելու համար Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքներին վերաբերող մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ արձանագրությունը, որը վերաբերում է բոլոր հանգամանքներում մահապատժի վերացմանը: ՀՊԴ անմիջական պարտավորություններից զատ, 2023թ. Հայաստանը վավերացրել է Հռոմի կանոնադրությունը:

Իրավական և դատական բարեփոխումների առաջխաղացմանն ուղղված մեր շարունակական ջանքերի շրջանակներում Հայաստանն ընդունել է  Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությունը և դրա գործողությունների ծրագիրը, որը բաղկացած է 12 ռազմավարական նպատակներից: Այս բարեփոխումները կենտրոնացած են դատական անկախության ամրապնդման, արդյունավետության բարձրացման և անաչառության խթանման վրա. բոլորը հիմնված թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների վրա: Այս համատեքստում դատարանների կուտակված գործերի հասցեագրումը, մասնավորապես՝ քաղաքացիական արդարադատության համակարգում, հիմնական առաջնահերթությունն էր: Ես ուրախ եմ նշել, որ մեզ հաջողվել է հասնել կուտակված քաղաքացիական գործերի 80% կրճատմանը: Մեկ այլ կարևոր զարգացում է եղել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կատարելագործումը, այդ թվում՝  2023թ. լիարժեք գործող Միջազգային արբիտրաժի և միջնորդության կենտրոնի ստեղծումը:

Ավելի ամուր հակակոռուպցիոն միջոցառումներ ապահովելու համար Հայաստանը ստեղծել է համապարփակ շրջանակ, որը միավորում է դատական, քննչական և կանխարգելիչ հաստատությունները: Ընդունվել է 2023-2026թթ. կոռուպցիայի դեմ պայքարի հերթական ռազմավարությունը, և ընդլայնվել է իրավական շրջանակը, որը ներառում է ամբողջականության ստուգման մեխանիզմի և ակտիվների հայտարարագրման համակարգի բարելավումները: Շոշափելի արդյունքներ են գրանցվել ազդարարման համակարգում: Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մանդատը և վերահսկողական լիազորությունները զգալիորեն ամրապնդվել են, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ մոնիթորինգ և հաշվետվողականություն ապահովել:

Խտրականության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը գտնվում են չափելի ցուցանիշների իրականացման գործընթացում: Իրականացվել են ազգային գործողությունների ծրագրեր և թիրախային ռազմավարություններ, որոնք հասցեագրում են գենդերային հավասարությունը, երեխաների իրավունքները, թրաֆիքինգը և հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը: Մշակվել է հավասարության և խտրականությունից պաշտպանության մասին օրենքի նախագիծ: Մարդու իրավունքների պաշտպանը, որը Հայաստանում անկախ հաստատություն է՝ Փարիզի սկզբունքներին համապատասխան ամենաբարձր A կարգավիճակով, կգործի որպես հավասարության մարմին:

Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման և ներառական սոցիալ-տնտեսական զարգացման խթանման գործում Հայաստանը առաջնահերթություն է տվել այնպիսի ոլորտների, ինչպիսիք են կրթությունը, առողջապահության հասանելիությունը, աղքատության կրճատումը և թվային կապը: Ներդրումներ են կատարվել գյուղական ենթակառուցվածքների, մաքուր ջրի և սանիտարական ոլորտներում: Գենդերային հարցերին համապատասխանող բյուջետավորումը ներառվել է հիմնական ուղղություններում, և սոցիալական պաշտպանության սխեմաներն ամրապնդվել են՝ խոցելի բնակչությանն աջակցելու համար։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների խթանմանն ուղղված մեր երկրի  հանձնառությանը համապատասխան՝ բարեփոխվել են ընտրական գործընթացները՝ մատչելիությունն ու թափանցիկությունը բարձրացնելու համար, այդ թվում՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրողների նույնականացման տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Հստակեցվել են քարոզարշավի ֆինանսավորման իրավական դրույթները: 2024թ. Հայաստանը «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում զբաղեցրել է 43-րդ տեղը՝ բարձրանալով 2023թ. 49-րդ ցուցանիշից: Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»՝ վերահաստատելով թվային իրավունքների և մամուլի ազատության նկատմամբ մեր ամուր հանձնառությունը:

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն ամրապնդվել է 2023-2025թթ. ազգային ծրագրի ընդունմամբ: Թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված ծառայությունները, ինչպիսիք են արտակարգ իրավիճակների ապաստարանները, բժշկական օգնությունը և հոգեբանական խնամքը, ընդլայնվել են և այժմ ֆինանսավորվում են պետության կողմից: Թրաֆիքինգի հետ կապված ծառայությունների համար բյուջետային հատկացումները կրկնապատկվել են 2019թ.-ից ի վեր։

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացման առաջընթացը հիմնված է համակարգային բարեփոխումների վրա: Առաջնահերթություն է տրվել անվճար դպրոցական սննդի, ներառական կրթության, հեռավար ուսուցման հարթակների և մեծածավալ դպրոցական և նախադպրոցական շինարարությանը: Առողջապահության ոլորտում բարեփոխումները ընդլայնել են շտապ բժշկական օգնության ծառայությունները` մեր երկիրը մոտեցնելով համընդհանուր առողջապահական հասանելիությանը: Աշխատանքային օրենսդրությունը արդիականացվել է՝ արժանապատիվ աշխատանքը խթանելու, հավասար հնարավորություններ ապահովելու և հարկադիր աշխատանքի բոլոր ձևերը արգելելու համար։

Կանանց իրավունքներին և գենդերային հավասարությանն աջակցելու համար գենդերային քաղաքականության ինտեգրումը ներառվել է ազգային ռազմավարությունների և պետական բյուջետավորման մեջ: Ընտանեկան բռնության մասին օրենքներում իրականացվել են բարեփոխումներ , և ընդլայնվել են աջակցության ծառայությունները՝ ներառելով ապաստարաններ և տնտեսական հզորացման նախաձեռնություններ: Հայաստանի՝ որպես ՄԱԿ «Հավասարության սերունդ» կոալիցիայի համաղեկավար երկրի,  դերն ամրապնդվել է կանանց առաջնորդության և տեխնոլոգիական ներառման խթանման ջանքերի շնորհիվ։

ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի իրականացումը կառավարության ազգային և միջազգային առաջնահերթություններից է: Հայաստանը վերջնականացրել է «Ներդրումներ խաղաղության համար համաշխարհային ջանքերում» վերնագրով կանանց, խաղաղության և անվտանգության իր 2025-2027թթ. ազգային գործողությունների երրորդ ծրագիրը : Այնհամապատասխանում է Հայաստանի ազգային զարգացման ռազմավարություններին և միջազգային պարտավորություններին՝ միաժամանակ նպատակ ունենալով ամրապնդել կանանց դերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ որոշումների կայացման գործում, կանխել գենդերային հիմքով բռնությունը և խթանել հետհակամարտային  վերականգնման ջանքերը։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները ամրապնդվել են իրավունքների վրա հիմնված իրավական շրջանակի ընդունման և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման միջոցով: Ամրապնդվել են պետության կողմից ֆինանսավորվող ծառայությունները, այդ թվում՝ անձնական օգնությունը և ներառական կրթությունը: Հասանելիության և հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված բարեփոխումները նպաստում են սոցիալական մասնակցության աճին և խտրականության նվազեցմանը։

Երեխաների իրավունքների ոլորտում Հայաստանը մշակել է երեխայի իրավունքների մասին նոր օրենքի նախագիծ և ընդլայնել է ընտանեկան խնամքի տարբերակների շրջանակը, ներառյալ խնամատարությունը և ցերեկային խնամքի ծառայությունները։ Բարելավվել են վաղ ամուսնությունները կանխելու, երեխաների պաշտպանությունը ամրապնդելու և ներառական կրթությունը խթանելու ինստիտուցիոնալ մեխանիզմները: Վերանայվել են անչափահասների գործերով արդարադատության իրականացման գործընթացները, և ջանքեր են գործադրվել երեխաների ձայնը լսելի դարձնելու և պաշտպանելու համար:

Պարո՛ն նախագահ,

Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանը բազմաթիվ մարտահրավերների է բախվել։ 2023թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանն ընդամենը մի քանի օրվա ընթացքում ընդունել է ավելի քան 115.000 փախստականի։

Հայաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այս մարդկանց կարիքները հասցեագրելու, մասնավորապես՝ երկրի կրթական, սոցիալական և առողջապահական համակարգերում նրանց ներառելու համար։

Հայաստանը շարունակում է ուշադրություն հրավիրել մարդասիրական խնդիրների վրա, այդ թվում՝ անհետ կորածների, բռնի անհետացումների և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդառված անձանց վրա։ Մենք ընդգծում ենք անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործում սերտ համագործակցության և պատանդառված անձանց իրավիճակի հասցեագրման հարցում միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի նորմերի խիստ պահպանման անհրաժեշտությունը։

Պարո՛ն նախագահ,

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանը նաև ակտիվ և սկզբունքային մասնակից է եղել մարդու իրավունքների համաշխարհային գործընթացներին: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ լինելու ընթացքում (2020–2022թթ.) Հայաստանը առաջնահերթություն է տվել հրատապ խնդիրների, այդ թվում՝ ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանը, խոսքի ազատության խթանմանը, փոքրամասնությունների պաշտպանությանը և խոցելի խմբերի իրավունքներին: Մենք շարունակում ենք ակտիվ և սկզբունքային դեր խաղալ մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցության մեջ, մասնավորապես՝ խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարում, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման գործում: Հայաստանը նախաձեռնել է դեկտեմբերի 9-ը որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր սահմանելու գործընթացը և հետևողականորեն ներկայացնում է Մարդու իրավունքների խորհրդի բանաձև ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացին և այս երկխոսությունը համարում է գործընկերների հետ համագործակցության և փոխադարձ աջակցության եզակի հնարավորություն: Մենք գիտակցում ենք, որ մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը շարունակական ջանք է, և մենք հաստատակամ ենք կառուցողական կերպով համագործակցելու բոլոր պատվիրակությունների հետ և դիտարկել այս քննարկման ընթացքում ստացված բոլոր հանձնարարականները:

Շնորհակալություն»: