Ապօրինությունների վրա ուշադրություն հրավիրելու համար ասել էի՝ Փաշինյանի մեքենայի տակ ռումբ եմ տեղադրել․ ԽՍՀՄ բռնցքամարտի նախկին չեմպիոն

 

Իմ նկատմամբ քրեական գործ են հարուցել ՝ սուտ մատնության հոդվածով, ինձ սպառնում է 3 տարվա ազատազրկում։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ բռնցքամարտի չեմպիոն, սպորտի վարպետ, անօթևան Արմեն Խալոյանը։ Նա պատմեց, որ ինքը զանգահարել է 1-02 և ասել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեքենայի տակ ռումբ է տեղադրել, որպեսզի այդպիսով Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը հրավիրի իր ոտնհարված իրավունքների վրա, ինչի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին ամեն օր դիմում-նամակներ է գրում, սակայն ապարդյուն։

Արմեն Խալոյանը պատմեց, որ 19 տարի է կամ այգիներում է ապրում, կամ էլ կիսախարխուլ շինություններում, քանի որ իր բնակարանը խլել են։ 2003 թվականին Լատվիայից վերադառնալով Հայաստան, Խալոյանը պարզում է, որ Երեւան քաղաքի Չեխովի 33 հասցեում գտնվող իր բնակարանը նրա ձևակերպմամբ՝ անօրինական ճանապարհով վաճառված է։ Անօթևան քաղաքացին տարիներ շարունակ դիմել է իրավապահներին, կառավարությանը, սակայն իր խոսքով` անօգուտ։ Քաղաքացին նշում է, որ ինքը վստահ է՝ իր մորը սպանել են, որ նրա անունից կարողանան առքուվաճառքի գործարք կատարեն, ինքը պահանջում է, որ արտաշիրիմում կատարեն, չի արվում։ «2005 թվականին քրեական գործ են հարուցել նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ, ապացուցվում է, որ առանց ինձ չպետք է առքուվաճառքի պայմանագիր կնքվեր, 308 հոդվածով մեղադրանք է առաջադրվում նոտարին, 5 տարի ձգձգում են քրեական գործը։ 5 տարի անց վաղեմության հիմքով կարճվում է։

Դրանից հետո վերադասության կարգով դիմում եմ դատախազություն, ՀՔԾ, տարիներով դիմումներ եմ ներկայացնում։ Դիմում եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ամեն օր եմ դիմում»,-ասաց նա։ Քաղաքացին պնդում է, որ դատախազությունը հիմա չի արձագանքում իր դիմումներին։ Նա ընդգծեց, որ հաղորդումներ է ներկայացրել նաև իրվապահ պաշտոնատար անձանց անգործության, հանցագործության մասով, սակայն կրկին ընթացք չի տրվում։ Նա նշեց, եթե հիմա ասում են, որ ինքը բնակարանի հետ կապ չի ունեցել, ապա ժամանակին ինչպես էր նոտարի նկատմամբ գործ հարուցվել։ MediaHub-ը պարզաբանում խնդրեց Գլխավոր դատախազությունից։ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ քաղաքացու կողմից մատնանշված հանգամանքների վերաբերյալ քննություն իրականացվել է, դրանք հերքվել են։ Այս պահին քաղաքացու հետ նամակագրությունը դադարեցված է դիմումների նմանաբովանդակ լինելու պատճառով, նոր հանգամանքներ դրանցում առկա չեն, նախկինում դրանց վերաբերյալ տրվել են սպառիչ պատասխաններ։