Փաշինյանը պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ

Փաշինյանը պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հրատապ քննարկումներ անցկացնել սահմանային լարվածության նվազեցման ուղղությամբ:

Այս մասին Փաշինյանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում: 

Դեռ մի քանի օր առաջ MediaHub-ը գրել էր, որ Մոսկվան ՌԴ-ում եռակողմ հանդիպում է նախապատրաստում՝ Պուտին-Փաշինյան-Ալիև ձևաչափով: Գրել էինք, որ հանդիպումը տեղի է ունենալու մինչև սեպտեմբերի վերջ ՌԴ-ում:

Այս պահին հանդիպման անցկացումը որոշակիորեն հարցականի տակ է հայտնվել վերջին օրերին հայ-ռուսական ընդգծված փոխհրաձգության պատճառով՝ ՀՀ իշխանությունները առիթը բաց չեն թողնում ՌԴ-ի հետ սրելու հարաբերությունները: Որպես հետևանք պատմության մեջ առաջին անգամ ՀՀ դեսպանը Մոսկվայում երեկ կանչվել էր ԱԳՆ և նրան բողոքի նոտա էր հանձնվել:

Ու թեև գերատեսչության հայտարարությունը բավականին կոշտ է և բազմաշերտ՝ ՀՀ իշխանության առանձին ներկայացուցիչներին հիշատակելու առումով, այդուհանդերձ դրա վերջին շեշտադրումները ևս մեկ անգամ փաստում են օրերս Կրեմլի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանից ոչ մի տեղ չի պատրաստվում հեռանալ:

«Արձանագրեցինք վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտոնական շրջանակներում և քաղաքական վերնախավում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում և Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով դաշնակցային կապերի նպատակահարմարության, ինչպես նաև  2020-2022 թթ. հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղիների մասին Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև   եռակողմ համաձայնագրերի իրագործելիության  վերաբերյալ որոշակի կասկածների ի հայտ գալը:

Այս ֆոնին Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկ, վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև մեկնելը՝  Կիևի նացիստական ​​ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացում։

Այս առնչությամբ Մոսկվայում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ և նրա նկատմամբ կոշտ հայտարարություն է արվել։ Բացի այդ, ուղարկվել է բողոքի նոտա, որում նշվում է սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի և ընդհանուր առմամբ ՌԴ ԱԳՆ հասցեին վիրավորական հայտարարությունների անընդունելիության մասին: Մտահոգություն է  հնչել սեպտեմբերի 7-ին Հայաստանում բլոգեր Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա ռադիոյի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալությունների առիթով»,- ասվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և գործընկերության զարգացման և ամրապնդման  բոլոր պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

«Խոսքը նաև վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում վարժանքների կազմակերպմանը և հետագայում կազմակերպության դիտորդական առաքելության ուղարկմանը հանրապետություն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը նպաստելու նպատակով։ Ռուսական կողմը կշարունակի գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերն այդ նպատակների համար»,- հավելում է ՌԴ ԱԳՆ-ն:

Եվ ահա այս կոշտ հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարում է, որ պատրաստ է հանդիպել Իլհամ Ալիևի հետ: Մոսկովյան հանդիպումը սարերի ետևում չէ: